ԿարևորՀասարակություն

1,5 միլիոն դրամ՝ վեց ամսվա ծառայության համար․ ՊՆ-ն միայն կանանցից բաղկացած ստորաբաժանում է ստեղծում

ՀՀ Զինված ուժերում կանանց կամավոր ծառայության վերաբերյալ հարցադրումներով «Ռադիոլուրը» դիմել էր Պաշտպանության նախարարությանը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կանանց համար կամավոր զինվորական ծառայությունը կլինի վեց ամիս։ Ընդ որում՝ պետությունը 1,5 մլն դրամ պատվովճար է սահմանել կանանց ծառայության համար։

Իսկ որտե՞ղ են ծառայելու իգական սեռի ներկայացուցիչները՝ ստանդա՞րտ ստորաբաժանումներում, թե՞ ձևավորվելու են միայն կանանցից բաղկացած միավորներ։  

ՊՆ-ի պատասխանը․ «Ներկայումս ծառայության մեջ գտնվող կին զինծառայողները ծառայելու են այն ստորաբաժանումներում, որտեղ ծառայում են, իսկ միայն կին զինծառայողներով համալրման նպատակով ԶՈՒ-ում կազմավորվել է հրաձգային գումարտակ»։

Թե ի՞նչ սկզբունքով են սահմանվել պատվովճարի չափը և ծառայության ժամկետը, ի՞նչ չափորոշիչներով են ընտրվելու ծառայողները և արդյո՞ք ընդունվելու են բոլոր դիմողները․ այս պահին այս հարցերին նախարարությունը չի պատասխանում, նշելով, որ դրանք կարգավորվելու են կառավարության որոշումներով։  

Հայաստանի կառավարությունն այս նախագիծը պրոֆեսիոնալ բանակի անցնելու բաղադրիչներից է համարում։ Նախատեսվում է ծրագիրն իրագործել մինչև ձմեռային զորակոչը։ Նախագծին կառավարությունը հավանություն է տվել, ակայն այն դեռ չի քննարկվել խորհրդարանում։

Իսրայելի զինծառայողները

Աշխարհի մի շարք երկրներում զինվորական ծառայությունը կանանց համար պարտադիր է։ Ամենացայտուն օրինակը Իսրայելն է, որտեղ կանայք ծառայում են երկու, իսկ տղամարդիկ՝ երեք տարի: Այդուհանդերձ, կանանց զինվորական ծառայությունը որոշակի սահմանափակումներ ունի, օրինակ՝ փոքր բախումների ժամանակ կանանց առաջնագիծ չեն տանում։

Պահեստազորի սպա, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Մովսիսյանը էսթետիկական տեսանկյունից դեմ է կանանց ծառայությանը, սակայն որոշ դեպքերում, ելնելով ֆիզիկական գործոններից, կանանց ներգրավելը նպատակահարմար է գտնում․

«Կան որոշ, զուտ ֆիզիկական գործոններ, որտեղ կինը տղամարդու համեմատ առավելություն ունի, օրինակ՝ բարձր լեռնային պայմաններում։ Թթվածնի պակասի բացակայություն, ճնշում, կանանց օրգանիզմը բավականին դիմացկուն է, տղամարդկանց օրգանիզմից ավելի թեթև է տանում այդ տեսակի ծանրաբեռնվածությունները, դաժան պայմանները»։

Հարևան Իրանում գոյություն ունի կանանց հատուկ նշանակության ստորաբաժանում։ 3500 անձնակազմով, բարձր պատրաստվածություն ունեցող կին հատուկջոկատայինները, ըստ Պենտագոնի, համարվում են վտանգավոր ստորաբաժանում։ Ոչ կանոնավոր բանակների դեպքում հիշարժան է վիետնամական Viet Cong-ի փորձը, որտեղ կանայք թե՛ գործնական, թե՛ քանակային լուրջ մասնակցություն են ունեցել Միացյալ Նահանգների դեմ պատերազմում։ Ռուսաստանում կա կանանցից բաղկացած և ռազմական ինքնաթիռներ կիրառող «Барс» խումբը։ Թուրքիայում և Ադրբեջանում կանանց ներգրավածությունը զինված ուժերում աննշան է և ինչ-որ առումով՝ բացառություն։ Պահեստազորի սպա Սամվել Մովսիսյան․

«ԱՄՆ-ի, եվրոպական երկրների մասին խոսելն ավելորդ է, այդ երկրներում կանայք բավականին լավ կարիերա են ունենում։ Անգամ ռազմաօդային ուժերում են ծառայում, որը բարդագույն զորատեսակներից է համարվում, գիտելիքներ, բարձր IQ, ֆիզիկական տվյալներ և այլն։ Բայց կանայք բավականին հաջող են ծառայում, օրինակ՝ հայտնի է գնդապետ Քիմ Քեմբըլը՝ ամերիկական օդաչու, որը 2003-ին՝ Իրաքի պատերազմում, երբ դեռ կապիտան էր, խոցված A-10 գրոհային ինքնաթիռը վերադարձնում է օդանավակայան»։

Զինծառայողը մարտական միավոր է, անկախ նրանից, կին է, թե տղամարդ։ Մարտական միավորն, անկախ սեռից, ունի համպատասխան քանակի հանդերձանք, սպառազինություն, որը հավասար է երկուսի դեպքում էլ, ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը․

«Ավտոմատավոր է, թե գնդացրորդ, վերջին հաշվով իր հանդերձանքը և սպառազինությունը որոշակի X քաշ է կազմում, ենթադրենք 20-30 կիլո։ Կան բժշկական նորմեր, որ մարդը, մարտունակությունը պահպանելով, կարող է երկար տարածություն տեղափոխել իր ընդհանուր քաշի որոշակի տոկոսը, հիմնականում, ասում են՝ 1/3-ը կամ 30 տոկոսը։ Բնականաբար, 50-55 կգ նուրբ աղջիկը ու 75-80 կգ-ով պարապած տղամարդու դեպքում 30 տոկոսը տարբեր քաշեր են։ Հիմնական խնդիրը դա է»։

Սամվել Մովսիսյանը ռազմական գերատեսչության նախագիծը ողջունելի է համարում, սակայն կարծում է՝ հակառակ ծայրից են սկսել։ Նա համոզված է, որ որոշումն ընդունելուց առաջ գիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, հետևաբար, չկա հասկացություն՝ որտեղ և ինչպես ներգրավել կանանց։ Հրաձգային գումարտակը ենթադրում է զորաշարժեր, դիրքերի փոփոխություն, հարձակում, պաշտպանություն, և այդ ընթացքում ծանր զենքի, հանդերձանքի ու սննդի տեղափոխություն՝ մեծ տարածությունների վրա, հաճախ ոտքով և ոչ նպաստավոր ռելիֆային ու եղանակային պայմաններում։ Նկարագրված դեպքում, եթե գնահատվի ընդհանուր ստորաբաժանումը, ապա կանայք զիջելու են տղամարդկանց։ Մովսիսյանի կարծիքով՝ պատերազմում, հատկապես մեր պարագայում, ամենաթանկ ռեսուրսը մարդկայինն է, որը չմտածված օգտագործելը կոպիտ սխալ է։

Back to top button