
Ապրիլի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել… Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ՀՑԹԻ հերթական և այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրության բացումը:

Ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման քաղաքականությանը ինչպես հատուկ այդ նպատակի համար բացված պետական որբանոցներում, այնպես էլ իսլամական ընտանիքներում: Այն գլխավորապես հիմնված է բռնի իսլամացված, ապա հայկական ինքնությանը վերադարձած հայ երեխաների անտիպ և տպագիր հուշագրությունների վրա:
Հայերեն և անգլերեն երկլեզու ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է հարուստ լուսանկարային, հուշագրական նյութ՝ 9 խորագրի շրջանակում: Հայոց ցեղասպանության ընթացքում իրագործված բռնի տեղափոխումից զատ՝ առանձին խորագրով ներկայացվում են նաև երեխաների՝ պատմության ընթացքում տեղի ունեցած բռնի տեղափոխության այլ դեպքեր:
Ցուցադրությունը թեմատիկ առումով բացառիկ է. առաջին անգամ շրջանառվում է եզակի փաստագրական նյութ:




