ԿարևորՄշակույթ

Բոլոր աշակերտներիս հետ միայն հայերեն եմ խոսում․ Լոս-Անջելեսի «Անուշ» պարային համույթը 40 տարեկան է

Լոս-Անջելեսում գործող «Անուշ» պարային համույթն օրերս նշեց հիմնադրման 40-ամյակը։ Համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Անուշ Մարգարյանի նպատակը մեկն է՝ սփյուռքում վառ պահել հայ մշակությը և զարգացնել սերը գեղեցիկի հանդեպ։ 40-ամյա համույթը ստեղծվել է Թեհրանում, հետո արդեն գործունեությունը շարունակել է Լոս-Անջելեսում։

Մայրական կողմը՝ Վանից, հոր կողմը՝ Սալմաստ գավառից։ Պարուհի Անուշ Մարգարյանի նախնիներն են։ Նրանց ընտանիքը բնակություն էր հաստատել Թեհրանում։

Անուշ Մարգարյանը ծնվել է արվեստասերների ընտանիքում։ Լուսիեն Զաքարյանի, Հովհաննես Բադալյանի ու Կոմիտասի երգերը գիտեին ընտանիքի բոլոր անդամները։ Անուշը՝ առավել ևս։ Ընտանիքում վստահ էին, որ նրան երգչուհու ապագա է սպասվում։ 12-ամյա Անուշը երգում էր երգչախմբում, մասնակցում տարբեր համերգների։

Սակայն մի դիպված նրա կյանքը լիովին փոխում է․ «Դպրոցում մեր երգչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Անահիտ Ջամբազյանը վերադարձել է Երևանից ու աշակերտներ է ընդունում։ Ես երգում էի, ու չէի մտածում, որ պետք է պարեմ։ Ընկերներով որոշեցինք գնալ պարի դասերի։ Ու այդ օրվանից մինչ այսօր, արդեն 40 տարուց ավելի, ես պարում եմ»։

Անուշն ասում է, որ դժվար ճանապարհ է անցել մինչև պրոֆեսիանոլ բեմեր նվաճելը։ Թեհրանում դժվար էր պարի խմբակ ունենալը։ Իսլամական հեղափոխոթյոնից հետո փակվել էին պարի բոլոր դասարանները։

«Հեղափոխության ժամանակ պարի դասարանները փակվեցին։ Մտածում էի ինչ կարող եմ անել, որ իմ սովորածը սերունդներին փոխանցեմ: Ու որոշեցի, որ պետք է պարապեմ գաղտնի մեր շենքում»։

Մի օր Անուշն աշխատանքի հրավեր է ստանում։ Բայց այստեղ էլ պարը պետք է դասավանդեր գաղտնի։

Ելքը գտնում են․ «Հեղափոխությունից հետո պար իրավունք չկար դասավանդելու։ Օրինակ՝ բեմադրում էինք Քաջ Նազարն ու այդ ներկայացման մեջ տեղավորում էի հայկական պարերը։ Կամ Հենզել-Գրետել էինք բեմադրում ու դասական շարժումներից օգտվում։ Իրենց ասում էինք, որ թատրոն ենք բեմադրում, անուն էլ փոխում էինք Կարո-Մարո»։

Թեհրանում «Անուշ» պարային համույթն  արդեն լայն ճանաչում ուներ։ Բազմաթիվ միջոցառումների էր մասնակցում։ 2005 թ-ին, սակայն, Անուշը ընտանիքով մշտական բնակության է տեղափոխվում տեղափոխվում է Լոս-Անջելես ու ամեն ինչ սկսում զրոյից․

«2005 թ-ին որոշեցինք, որ պետք է բնակություն հաստատենք ԱՄՆ-ում։ Եկանք այստեղ, ես ոչ մեկին չէի ճանաչում, ու շատ դժվար պայմաներում էինք ապրում։ Բայց ես հատուկ ուժ ստացա ու մտածեցի, որ պետք է ոտքի կանգնեմ, նեղվել չկա։ Սկզբում ունեի երեք աշակերտ, որից մեկը աղջիկս էր»։

Այսօր արդեն «Անուշ» պարային համույթում մոտ 200 պարող կա։ Այն դարձել է Մշակույթի կենտրոն, որտեղ բացի հայկական պարերից, ուսանում են նկարչություն, հայոց լեզու և գրականություն։

«Իմ նպատակն է՝ հարստացնել ու վառ պահել հայ ազգի մշակությը և զարգացնել սերը հանդեպ գեղեցիկը։ Աշակերտները, երբ մտնում են այս դռնից ներս, ես բոլորի հետ հայերեն եմ խոսում»։

Անուշը, ի դեպ, ուսանել է Պարարվեստի ուսումնարանում՝ Թերեզա Գրիգորյանի դասարանում։ Անկեղծանում է՝ տարբեր ժողովուրդների ազգային պարերին տիրապետում է, բայց հայկական պարի էներգետիկան ուրիշ է։

60-ամյա պարուհու թռիչքը փոխանցվել է իր ժառանգներին։ Պարում են նաև նրա աղջիկն ու հարսը, որը համույթի լավագույն պարուհին է համարվում։

Հարցազրույցի ավարտին հարցում եմ՝ ինչու է խումբը կոչել հենց իր անունով։ Պատասխանն անսպասելի էր․ «Ոչ Անուշ, որ իմ անունն է։ Համ ու հոտ, անմահական ըմպելիք պարարվեստը արժանի է այդ անունը ունենալուն»։

Կարդացեք նաև

Back to top button