
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ապրիլի 1–ից մի քանի անգամ թանկացել են Հայաստանի էլեկտրական ցանցերի նոր բաժանորդ դառնալու և միացման վճարները։ Հանձնաժողովում որոշումը հիմնավորող ոչ թե մեկ, այլ մի քանի փաստարկ ունեն՝ գների համապատասխանեցում, տարբերակված մոտեցում ու ոչ միայն։ Կառուցապատողները, սակայն, որոշումից դժգոհ են։ Առաջարկում են վերանայել այն՝ պնդելով, որ որոշումը կարող է ցնցումներ առաջացնել կառուցապատման շուկայում։
Ապրիլի 1–ից ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու համար բաժանորդները 2-3 անգամ ավելի շատ են վճարում, քան նախկինում։ Որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Կառույցի հիմնավորումները մի քանիսն են՝ գները վերջին անգամ վերանայվել էն 2008 թվականին, կատարվել է համապատասխանեցում այժմյան գներին։ Հանձնաժողովում կարծում են նաև, որ նոր բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն գործողների համար և չավելացնեն նրանց ֆինանսական բեռը ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանն ասում է՝ ցանցին նոր բաժանորդների միանալն ու հոսանք չօգտագործելը ազդակ է եղել կառույցի համար,
«Նոր միացած բաժանորդների մոտ 38 տոկոսը հոսանքը չի սպառում։ Դա միացման գործընթացի մատչելի ու պարզեցված լինելու ազդակ էր։ Մարդիկ որևէ պլան չունենալով իրենց հողատարածքի նկատմամբ՝ ստանում են էլեկտրական ցանցի միացման թույլտվությունը, բայց որևէ գործունեություն չեն ծավալում»։
Բացի դրանից՝ ավելացել է նոր բաժանորդ դառնալ ցանկացողների թիվը։ Եթե ՀԾԿՀ–ն մինչև 2015 թվականը տարեկան մոտ 3–5 հազար դիմում էր ստանում, ապա այս տարվա առաջին եռամսյակում 12 հազար դիմում է ստացել։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցը մանրամասնում է՝ մարզերի ու Երևանի բաժանորդների համար տարբերակված մոտեցում է ցուցաբերվել։ Մարզում առանձնատուն կառուցողը ՀԷՑ բաժանորդ դառնալու համար նախկինում 53 հազար դրամ էր վճարում, այժմ՝ 234 հազար դրամ, Երևանում՝ 65 հազարի փոխարեն 282 հազար դրամ կվճարի։
«Բազմաբնակարան շենքերի բնակիչները չպետք է վճարեն, գրեթե բոլորի պայմանագրերում հիմնականում նշված է, որ ստանում են բնակարանը՝ ենթակառուցվածքներով, իրենց փոխարեն կառուցապատողներն են կրում ծախսերը»։
Կառուցապատողները, սակայն, հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի որոշումից դժգոհ են։ Կառուցապատողների հայկական ասոցիացայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ քննարկումների մասին տեղյակ չեն եղել, որոշումն անսպասելի էր, իսկ սա անկանախատեսելի վարքագիծ էր բիզնեսի համար։
«Միաֆազ 14 կվա հզորությամբ հոսանքի միացման համար՝ 249 000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ, մինչդեռ որոշման ուժի մեջ մտնելուց հետո պետք է վճարեն 790 000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ։ Միաֆազ 10 կվա հզորությամբ հոսանքի միացման համար՝ 177,000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ, այնինչ որոշման ուժի մեջ մտնելուց հետո պետք է վճարեն 693 000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ»։
Զրուցակիցս հիշեցնում է՝ կառուցապատումը տևական, երկարաժամկետ ներդրումային ծրագիր է՝ 30, 36 կամ 40 ամիս տևողությամբ։ Մինչև շինարարական փուլին անցնելը կառուցապատողները բիզնես պլանավորում են անում, որոշում են գները, շինթույլտվություն ստանալուց հետո սկսում են կառուցվող շենքում անշարժ գույքի նախնական վաճառքը։ Որևէ մեկը չէր կանխատեսում, որ նման բարձրացում է լինելու՝ ասում է Գրիգորյանը։ Կառուցապատողները, որոնք արդեն քաղաքաշինական փաստաթղթեր ու թույլտվություններ, խնդրի առաջ են կանգել։
«Նրանք միայն վերջերս են հնարավորություն ունեցել միացման համար դիմելու, պարզում են, որ գները մի քանի անգամ բարձրացել են։ Սա շոկային ազդեցությու կարող է ունենալ կառուցապատողների համար։ Ընդհուպ մինչև անվճարունակության առջև կանգնել»։
Կառուցապատողների հայկական ասոցիացան առաջարկում է վերանայել որոշումը և ամրագրել, որ կարգավորումները չպետք է վերաբերեն այն օբյեկտներին, որոնք ստացել են տեխնիկական թույլտվությունները սակայն, չեն հասցրել դիմել միացման համար։
«Առնվազն այն կառուցապատողները, որոնք անցել են ճանապարհի մի հատվածը, նրանց համար խաղի կանոնների փոփոխությունը անընդունելի է»։
Նրանք ՀԾԿՀ–ին ու էկոնոմիկայի նախարարությանը կոչ են անում բիզնեսի համար անհարկի ցնցումներ չառաջացնել։ Գիտեն՝ համաշխարհային շուկայում մոտ 30 տոկոս թանկացում եղել է, բայց իրենց շուրջ 10 անգամ ավելի բարձր գին է առաջարկվում։ Հանձնաժողովում դժգոհոթյուններից տեղյակ են, բայց նաև պնդում են՝ առաջարկը համապատասխանում է այսօրվա գներին։




