
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մոտ մեկ տարի երկու ամիս անց հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու որևէ նշան չի դրսևորվում։ Ավելին, փորձագետները նոր փուլ են կանխատեսում․ քաղաքագետներից ոմանք կարծում են, որ մոտակա ամիսներին նոր հուժկու և վճռական հարվածներ կլինեն Ուկրաինայի կողմից։ Ոմանք էլ համոզված են, որ Մոսկվան ստեղծել է մի իրավիճակ, որի տերն այս պահին ինքն է։
Ճապոնայում ընթացող «Մեծ Յոթնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվել է շարունակել աջակցությունն Ուկրաինային, պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ G-7 երկրները դատապարտել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը։ Նրանք կարծում են, որ դա կհանգեցնի իրավիճակի սրացման։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը դիտարկելով Բախմուտում ստեղծված իրավիճակը՝ Ուկրաինայի կողմից հակահարձակում է կանխատեսում․
«Ուկրաինան կարողացավ կասեցնել, և հիմա պետք է գնա հակահարձակման։ Հսկայածավալ տեխնիկա է հասել Ուկրաինա, և սպասում են, որ եղանակային պայմանները թույլ տան, սևահողը 30-50 սմ գոնե չորանա, որպեսզի ծանր զրահատեխնիկան կարողանա անցնել։ Եվ եթե դա տեղի ունենա, երկու հուժկու հարված են ակնկալում, որի հետևանքով ռուսական ամբողջ ռազմաճակատը կարող է փլուզվել»։
Եթե Ուկրաինայի կողմից հարվածներ լինեն Ռուսաստանի ուղղությամբ, իրավիճակը կփոխվի ու կվերադառնա մինչ պատերազմյան կետին, համոզված է Գուրգեն Սիմոնյանը։ Նրա կարծիքով դա կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին։
Այս առումով, սակայն, CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրներից մեկը, մի քանի օր առաջ հաղորդեց՝ Պենտագոնից հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո, Ուկրաինան ստիպված է փոխել հակահարձակման պլանը։
«Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրություններով հարյուրավոր փաստաթղթերի արտահոսքը տեղի էր ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, դրանք հրապարակվել էին սոցիալական ցանցերում։
Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը գերադասում է հակամարտությունը դիտարկել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների տիրույթում։ Հարցն այսօր փորձ է արվում տեղափոխել միջուկային սպառազինությունների ռազմավարական դաշտ, ինչն, ըստ զրուցակցիս, ռուսական օրակարգ է․
«Պատերազմի ելքը որոշվելու է ոչ թե Ուկրաինայի տարածքում՝ ուկրաինական դաշտերում, այլ միջուկային ստրատեգիական սպառազինությունների մակարդակի վրա։ Ռուսաստանը փորձում է օրակարգն իր ձեռքը վերցնել և թելադրել, որ թշնամին ԱՄՆ-ն է, իսկ Ուկրաինան զոհ է, և այդ թշնամուն զսպելու համար պետք է գործի դնել ստրատեգիական միջուկային սպառազինության գործիքը՝ զսպելու ԱՄՆ-ին։ Ոչ թե կրակեն զենքով, այլ զսպման մեխանիզմը գործի դնեն։ ԱՄՆ-ն էլ փորձում է իր օրակարգն առաջ տանել, պնդել, որ պատերազմը ռուս-ուկրաինական է»։
Դեռ այս տարվա սկզբին քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ էին հնչում, որ տարին բավականին լարված կլինի, քանի որ մինչև 2024 թվականը, մինչ ԱՄն նախագահական ընտրությունները, Կիևը պետք է կարողանա իրավիճակը բեկել ու հաջողություններ գրանցել։ Հակառակ դեպքում՝ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ չընտրվելու պարագայում, Արևմուտքը Ուկրաինային կարող է այլևս զենք չմատակարարել։
Զրուցակիցներս զերծ մնացին բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման հնարավորությունները դիտարկելուց, քանի որ այս պահին, նրանց համոզմամբ, դա անհնարին է։ Հայկ Այվազյանի խոսքով՝ Ամերիկան կհաղթի այն դեպքում, եթե պատերազմը երկարի ու Ռուսաստանը հյուծվի ու չկարողանա այլևս կռվել։ Ռուսաստանը կհաղթի, եթե միջուկային զսպման մեխանիզմի օրակարգն աշխատի ու ԱՄՆ-ում խուճապ սկսվի, ասում է Այվազյանը․
«Բանակցություններով կարող է լուծվել, եթե բավարարվեն Ռուսաստանի բոլոր պահանջները։ Սակայն այս պահին Ռուսաստանը հատուկ ռազմական օպերացիան է իրականացնում։ Ռուսաստանն այլևս հետքայլի ճանապարհ չունի։ Ինքը չի կարող գնալ բանակցությունների ու ասել եկեք փոխզիջումներ անենք․ դա պարտություն կլինի Ռուսաստանի համար։ Դրա համար Ռուսաստանը գնում է իր պահանջների բավարարման ճանապարհով»։
Մինչ քաղաքագիտական դաշտում անհնարին են համարում բանակցությունների միջոցով ռուս-ուկրաինական համակամարտության կարգավորումը, արհեստական բանականության հիմքով աշխատող չաթբոտը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության պայմանագրի նախագիծ է պատրաստում։ Գերմանական Berliner Zeitung թերթի խնդրանքով առաջադրանք է տրվել արհեստական բանականությանը՝ լուծել հակամարտությունը բանակցությունների միջոցով։ Չաթբոտն էլ առաջարկել է, որ Գերմանիայի կանցլերը նամակ հղի երկու կողմերի առաջնորդներին։ Պուտինին ուղղված նամակում նշվում է, օրինակ, որ հրադադարի և խաղաղության բանակցությունների համար պատրաստակամությունը կարող է դուռ բացել Ռուսաստանի և Եվրոպայի միջև համագործակցության բարելավման համար:
Արհեստական բանականությունը քայլերի հաջորդականությունն է նաև հուշել՝ կրակի անհապաղ դադարեցում, զորքերի հետքաշում սկզբնական դիրքեր, ապառազմականացված գոտու ստեղծում հակամարտության ներկայիս գծի երկայնքով՝ միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության ներքո, Դոնեցկին և Լուգանսկին Ուկրաինայի կազմում ինքնավարության տրամադրում, այդ շրջաններում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության օրենսդրական ամրագրում։




