ԿարևորՀասարակություն

Նոր ավտոբուսներ, նորակառույց շենքեր․ Երևանի քաղաքապետարանում քննարկել են առաջիկա անելիքները

Երևանի փողոցներում արդեն նոր՝ 2 մետրանոց «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներ են երթևեկում։ Քաղաքապետարանն առայժմ շահագործման է հանձնել ներկրված 87 ավտոբուսից 14-ը․ համար 1 երթուղին Աջափնյակը Կենտրոնով կապում է Քանաքեռ–Զեյթունին։ Քաղաքապետարանի տրանպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը վստահեցնում է՝ սա միայն սկիզբն է։

«Այս շաբաթվա ընթացքում՝ ամսի 20-ից, նախատեսում ենք 38 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել «ՀԱԳԵՐ» մակնիշի միջին դասի ավտոբուսներով և նույն օրը փոքր դասի ավտոբուսներով շահագործել 40 և 67 համարի երթուղիները։ 40 համարը կսպասարկի Նոր Նորք– Քանաքեռ Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները»,– ասում է Սարգսյանը։

Առաջիկայում Երևան կհասնի նաև նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը։ Քաղաքային իշխանությունը խոստանում է մեկ ամսում, առայժմ փորձնական, իսկ մինչև տարվա վերջ՝ ամբողջությամբ ներդնել վճարման միասնական տոմսային համակարգը։

«Ամսի 15-ից 22 համարի միկրոավտոբուսային երթուղու ուղեգծի փոփոխություն ենք իրականացրել․ Սիլիկյան թաղամասում երթուղին ներառելու է նաև 5–րդ, 12–րդ և 4-րդ փողոցները։ Բացի այդ, ամսի 16-ից 97 համարի միջին դասի ավտովուսները համալրվեցին նոր շարժակազմերով և վերջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչական շրջան»,– ասում է տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

Առաջիկայում կսկսվի նաև 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու գործընթացը։ Անցած շաբաթ կառավարությունը համապատասխան որոշում էր ընդունել, ըստ որի՝ Երևանի Արզումանյան 10 և 17 հասցեների վթարային շենքերը կքանդվեն, և դրանց փոխարեն մասնավոր ընկերությունը նոր շենք կկառուցի։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյան ասում է՝ մինչև շինարարության ավարտը կառուցապատողը բնակիչներին բնակվարձի փոխհատուցում կտա։

«Շենքերի կառուցումից ու շահագործման հանձնելուց հետո քաղաքապետարանի միջոցով բոլոր բնակիչներին հանձնվելու են բնակարաններ՝ առնվազն նույն քառակոսի մետրով, որը իրենք ունեցել են վթարային շենքում, մինչև10 տոկոս ավել տրամաբանությամբ»։

Արդեն հաջորդ շաբաթ քաղաքապետարանի ներկայացուցիչները կհանդիպեն վթարային շենքերի բնակիչների հետ՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու ու նրանց մտահոգությունները լսելու։ Սա պիլոտային նախագիծ է՝ ասում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, սակայն մտադրություն կա այն կիրառել նաև մյուս վթարային շենքների պարագայում։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

«Մարգարյան, Ֆուչիկի փողոցներում նույնպես ունենք 4-րդ կարգի վթարային շենքներ, այստեղ ևս նույն տրամաբամնությամբ ենք առաջնորդվելու, ևս մի քանի շենքեր ունենք Արաբկիր համայնքում։ Եթե չեմ սխալվում, ընդհանուր առմամբ 13 հատ 4-րդ կարգի վթարային շենք կա Երևանում։ Առաջիկայում կհստակեցնենք՝ կոնկրետ որ շենքի պարագայում ինչ մեխանիզմով ենք առաջնորդվելու»։

Տիգրան Ավինյանն ասում է՝ վերջին տարիներին շինարարության աճող ծավալները նաև օդի աղտոտվածության բարձր ցուցանիշի պատճառ են, ուստի նախատեսում են վերանայել ու միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել շինհրապարակների կահավորումը․

«Երևան քաղաքում մենք ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր, ինչը գալիս է 3 հիմնական հարուցիչներից․ առաջինը հանքերն են, որտեղ վստահ եմ, որ փոշու որսիչ կայաններ չկան, երկրորդը շինարարությունն է, որը Երևանում շատ մեծ ծավալների է հասել, նախորդ տարի միայն Երևանում մենք 4000-ից ավելի շինթույլտվություն ենք տվել։ Մենք պարտավոր ենք ճիշտ բանաձևը գտնել և լուծել խնդիրը, որ փոշու հետ կապված իրավիճակը նվազագույնը՝ կառավարելի լինի»,– ասում է Ավինյանը։

Քաղաքապետարանում արձանագրում են նաև, որ ավարտին է մոտենում Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգումը։ Քաղաքային իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ նախատեսում են բարեկարգել լճի շուրջ երեք հեկտար ափամերձ տարածք՝ կանաչապատել, լուսավորել, տեղադրել նստարաններ ու աղբամաններ, կառուցել մարզահրապարակ, հեծանվուղի, և ճեմուղի:

Կարդացեք նաև

Back to top button