
Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության աշխատակիցները բռնություն էին գործադրել։ Դեպքից 7 ամիս անց նրանցից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Գործով տուժող է ճանաչվել 19 ծնող, բայց մեղադրանք որևէ ոստիկանի չի առաջադրվել։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երեկվանից Քննչական կոմիտեի դիմաց են։ Պահանջում են պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, որոնք մեկ տարի առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնություն են գործադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։
Ծնողները նաև հանդիպում էին պահանջում Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Հանդիպում տեղի չունեցավ, փոխարենը կոմիտեն ծնողների բողոքին արձագանքեց հայտարարությամբ։ Ըստ դրա՝ hարազատների պահանջը ոստիկաներին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ անընդունելի է։ Գերատեսչությունը հայտարարում է, որ նման պահանջները չեն բխում անաչառ և համակողմանի քննություն ապահովելու շահերից և բնույթով հակաօրինական են։

Նշվում է նաև, որ եղել են մի քանի հանդիպումներ, որոնք նպատակին չեն ծառայել։
«Դրանց ընթացքում ՀՀ ՔԿ ներկայացուցիչները փորձել են թույլատրելիության սահմաններում նշված անձանց տալ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ և փաստացի խաթարել են հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին»։
Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ՔԿ հայտարարությանը, նկատում է՝ ՔԿ-ն զոհված զինծառայողների ծնողներին շփոթում է մեղադրյալների հետ։ Փաստաբանի գնահատմամբ՝ քննչական կոմիտեի պարզաբանումը չպարզաբանում էր։ Նա Քննչական կոմիտեին կոչ է անում հրապարակել քրեական դատավարության այն նորմը, համաձայն որի՝ օրենսդրական պահանջ է ներկայացվում ծնողներին համագործակցել ՔԿ հետ։
Ինչ վերաբերում է ծնողների պահանջի անօրինական լինելուն, ապա փաստաբանը հորդորում է ՔԿ-ին թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տրված հարցերի պատասխանները։
«Միայն ոստիկանների ցուցմունքները բավարար են նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու համար»։
Զոհված զինծառայողների ծնողները իրավական առումով իրենց պայքարն ավարտված են համարում։

Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, որը գիշերն անցկացրել Քննչական կոմիտեի դիմաց, լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիայի նպատակը գործի ընթացքի մասին տեղեկանալն է: Քանի որ փորձը ցույց է տալիս, որ եթե իրենք չեն հետևողական չեն լինում, գործը քնում է:
«Իրենց պատճառաբանությունը նեղացած երեխայի պատճառաբանություն է ։ Իրավական առումով մենք այլևս որևէ ակնկալիք չունենք, մենք ոչ կգանք Քննչական կոմիտե, ոչ կգանք դատախազություն։ Մենք դիմում ենք բոլոր իրավապաշտպաններին, որ մեր հարցը բարձրացնեն միջազգային կառույցներին, որ իրենք զբաղվեն այս հարցով»։
Զոհված զինծառայողների ծնողներն ասում, են որ պարբերաբար ակցիաներ են կազմակերպելու ու իրենց պահանջը տեղափոխելու են այլ հարթություն։
«Մենք քաղաքական ուժ չենք, ծնողներ ենք, որ կորցրել ենք մեր ամենաթանկը, և չենք ուզում նոր զոհեր ունենալ, որ նոր զոհերի ծնողների բանակը մեծանա»,-ասում է Արա Ռոստոմյանը։




