ԿարևորՀասարակություն

Ապօրինի որդեգրումներ․ ավելի քան 500 երեխայի ճակատագրին առնչվող գործի նախաքննությունը շարունակվում է

Երեխաների վաճառքի և ապօրինի որդեգրումների աղմկոտ պատմությունը բարձրաձայնվեց   2019-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ ապօրինի ընթացակարգերով  որդեգրվել և Իտալիա են տեղափոխվել տասնյակ փոքրիկներ։ Իրավապահները նշեցին, որ գործել է հանցավոր սխեմա, գործընթացն իրականացվել է կազմակերպված խմբի միջոցով,  որը 2005 թվականից ի վեր զբաղվել է առանց ծնողական խնամքի մնացած  և մանկատներում գտնվող երեխաների վաճառքով։

500 երեխայի ճակատագրին առնչվող  գործով կան մեղադրյալներ, բայց  նախաքննությունը դեռ շարունակվում է։

«Ունենք դեպքեր, երբ բժշկական հաստատությունում նշել են, որ երեխան անբուժելի հիվանդ է, և նրա բուժման համար անհրաժեշտ են ահռելի ծախսեր»։

Սա եղել է տարբերակներից մեկը, որով  ծննդատներում ծնողներին, այսպես ասենք «օգնել են» հրաժարվել իրենց երեխաներից։ Գլխավոր դատախազության  տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սամվել Հակոբյանի խոսքով՝  այս և այլ պատճառներով առանց ծնողական խնամքի մնացած  437 երեխայի ապօրինի վաճառք է իրականացվել և՛ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս։ Գործով նախաքննությունը շարունակվում է, բայց դեպքերի  թիվը 437-ով չի սահմանափակվում։ Եվս 61 երեխայի ապօրինի որդեգրման քրեական վարույթն արդեն ուղարկվել է դատարան։ Ըստ դատախազության պաշտոնյայի՝ այս երեխաները որդեգրվել և տեղափոխվել են բացառապես Իտալիայի Հանրապետություն։

«Բացի Իտալիայից՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 437 երեխաները որդեգրվել են Ֆրանսիա, Լիխտեյնշտեյն, ԱՄՆ, ՌԴ և մի շարք այլ երկրներ»։

ՀՀ-ում ապօրինի որդեգրման գործընթացն իրականացնելու համար, ըստ նախաքննական մարմնի,  ստեղծվել է  կազմակերպված խումբ, որը 2005 թվականից սկսած  զբաղվել է առանց ծնողական խնամքի մնացած  և մանկատներում գտնվող երեխաների վաճառքով։ Սխեման գործել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով։  Խմբի կազմում ընդգրկվել են  ծննդօգնության ոլորտում գործունեություն իրականացնող հիմնարկի, ՍՈՑԱՊ-ի, Երևանի քաղաքապետարանի, ԶԱԳՍ-ի աշխատակիցներ,  ինչպես նաև կազմակերպված խմբի ղեկավարի մտերիմ, թարգմանչական  ծառայություններ մատուցող անձը։ 

«Կազմակերպված խմբի ղեկավարումը ստանձնել է օտարերկրյա որդեգրումների բնագավառում ՀՀ-ում գործունեություն ծավալող Իտալիայիում հավատարմագրված  երեք  կազմակերպությունների ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձը, որը մշակել է կազմակերպված խմբի գործունեության ծրագիրը, ամդամների միջև իրականացրել է դերաբաշխում, իրականացրել է ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողության գործառույթ»։

Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 11 անձի։ Շարունակվող  նախաքննության ընթացքում ներգրավվել է ևս  երկու մեղադրյալ, որոնցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել  է գրավը, մյուսի նկատմամբ ՝ երկրից չբացակայելը։

«Իմ կողմից նշված  երկու անձանցից մեկի  մեղադրանքում, որով  նախաքննությունը շարունակվում է , հենց ներառված են ՀՀ քաղաքացիների կողմից երկու երեխայի առքը նախապատրաստելու դրվագները»։

Ընդհանուր առմամբ կազմակերպված խմբի ղեկավարի հաշվեհամարներին երեխաների վաճառքից մուտք է եղել ավելի քան 1 մլն եվրո՝ ասում է Ռադիոլուրի զրուցակիցը։

ՀՀ-ում որդեգրման գործընթացը անվճար է՝ բացառությամբ դատարանի ծախսերի՝ բացատրելով որդեգրման կարգը՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը: Որդեգրելու իրավունք ունեն ինչպես ամուսինները, այնպես էլ  չափահաս տարիքի անձինք, որոնք չունեն առողջական խնդիրներ, դատվածություն,  ոստիկանությունում հաշվառված չեն որևէ բռնության դեպքով։

Օտարերկրացի քաղաքացիների կողմից ՀՀ  քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու կարգում էական տարբերություն չկա։ Պարզապես, եթե Հայաստանում գործընթացն իրականացնում են մարզպետարանները կամ Երևանի քաղաքապետարանը, ապա օտարերկրացիների դեպքում՝ արդարադատության նախարարությունը։  

Այս պահին Հայաստանում  որդեգրման ենթակա 279 երեխա կա և երեխա որդեգրել ցանկացող 156 ծնող։ Այս տարի ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրվել է 4 երեխա։ Օտարերկրացի որդեգրողներ 2023-ին դեռևս չեն եղել։

 «Լինում են դեպքեր, երբ ծնողը հրաժարվում է երեխայից, ինչը տարածված երևույթ է, գրում է հրաժարման դիմում՝ միաժամանակ նշելով, որ ենթակա է որդեգրման։  Սակայն լինում են դեպքեր, երբ հրաժարվում են խնամքից, սակայն թույլ չեն տալիս որդեգրման։ Երեխայից հրաժարվելու և երեխայից հրաժարվելու ու որդեգրմանը համաձայնություն տալու հարցը կա։  Մենք մեր շուրջօրյա խնամքի հաստատություններում ունենք բազմաթիվ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են խնամքի  իմաստով, սակայն չեն համաձայնել որդեգրման տալու իմաստով»։

Նախարարության պաշտոնյան չի ցանկանում  մեկնաբանել, թե օրենսդրական  ինչ բացերի արդյունքում  է Հայաստանում տարիներ շարունակ  հնարավոր եղել ապօրինի որդեգրումների հանցավոր սխեմայի գործարկումը, բայց նշում է, որ գերատեսչությունը Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների մեծ փաթեթ է ձեռնարկել։ Ռեֆորմներ են սպասվում նաև որդեգրման ընթացակարգում։

 «Սրա հաստատումից հետո կունենանք իրավական համակարգ, և պրակտիկ դաշտում խնդիրներն ավելի տեսանելի ու լուծելի կլինեն։ Երեխաների իրավունքների ու պաշտպանության ոլորտում մենք հստակ դերաբաշխում կունենանք՝ ո՞վ, ի՞նչ գործառույթ պետք է ունենա»։

Իսկ արդյո՞ք փոփոխությունները կկանխեն նման սցենարների կրկնությունը  հարցին ի պատասխան սոցապ պաշտոնյան ասում է.

«Յուրաքանչյուր իրավակարգավորում էլ ունի իր ռիսկերը։ Մենք իդեալական ինչ էլ նկարագրենք, ինչ էլ գրենք, միշտ էլ հնարավոր են ռիսկեր, միշտ էլ հնարավոր են դրանք շրջանցելու տարբերակներ, ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց եթե մենք ունենանք ամրագրված  պատասխանատուներ, հստակ ամրագրված գործառույթներ,  և հստակ ամրագրված իրավիճակ, այս պարագայում  դժվար կլինի  և համարյա անհնար կլինի այս պրոցեսները շրջանցելը։  Բայց միանշանակ, այս բոլոր խնդիրները հաշվի առնված են, որ  նախարարությունը նախաձեռնել է այս գործընթացը»։

Երեխաների վաճառքի և ապօրինի որդեգրումների  աղմկոտ պատմությունը բարձրաձայնվեց   2019-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ ապօրինի ընթացակարգերով  որդեգրվել և Իտալիա են տեղափոխվել տասնյակ փոքրիկներ։ Իրավապահները հայտարարեցին, որ գործել է հանցավոր սխեմա։ Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանի,  նրա տեղակալի  ու ևս 8 անձի վերաբերյալ  գործը դատարանում է։  

Կարդացեք նաև

Back to top button