Վերնատուն

Ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում․ «Վերնատուն»

Այս օրերին ընթանում է «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, այն մեկնարկել է ապրիլի 3-ին կանադահայ հայտնի դաշնակահար Իվ Էգոյանի մենահամերգով։

«Մենք ձգտում ենք միջազգային փորձը բերել Հայաստան, մեր գրեթե բոլոր համերգներում միշտ համադրվում են հայ կոպոզիտորները ժամանակակից համաշխարհային կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների հետ։ Այդտեղ շատ հաճախ տեսանելի են մեր դիրքերը, նմանություններն ու տարբերությունները։ Այդ փորձը, գալով Հայաստան, ունենում է իր հետադարձ արձագանքները», – ասում է փառատոնի պրոդյուսեր, կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը։

Կոմպոզիտորն ասում է, որ ժամանակակից արվեստը ավելի արդիական է դառնալու, նաև համագործակցելու է արվեստի այլ ժանրեի հետ․ «Մարդկանց հետաքրքիր չէ սիրուն հագնվել, գնալ նստել համերգասրահներում, մարդիկ ուզում են ստեղծագործական պրոցեսի մասնակիցը դառնալ։ Ժամանակակից երաժշտությունը պրոցես է, որը մենք ապրում ենք՝ սկսած տարօրինակ հնչողություններից, որոնք մենք լսում ենք ամեն օր մեր շրջապատում և որոնք կարող է հայտնվել ստեղծագործության մեջ», – ասում է Սերգեյ Ումրոյանը։

Կոմպոզիտորն ասում է՝ պետք է ուշադրություն դարձնել նոր ստեղծվող արվեստին, նշում է, որ վերջին 20 տարում մեզանում սիմֆոնիկ երաժշտության հսկայական բաց կա։ Ինչ վերաբերում է փառատոնի ապագային, կոմպոզիտորը լավատես է․ «Փորձում ենք փոքր քայլերով առաջ գնալ և յուրաքանչյուր տարի մի բան ավելացնել, մենք զրոյից ենք սկսել, երկու տարի փառատոնը իրականացրել ենք մեր միջոցներով, հիմա փորձում ենք ավելի ընդլայնել, կոմպոզիտորնեից բացի հրավիրել կոլեկտիվներ, հայտնի խմբեր, դիրիժորներ։ Մի քանի տարի հետո մենք եվրոպական մասշտաբներով ավանդույթներ ունեցող փառատոն կդառնանք, և շատ կարևոր է, որ տարածաշրջանում մենք միակն ենք»։

Back to top button