
Ֆրանսիայի ամենամեծ լսարանն ունեցող պարբերականներից մեկում՝ «Ֆիգարո» օրաթերթում, հրապարակվել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մեկնաբանությունները Հայաստանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ։
Դեսպանը, մասնավորապես, ընդգծել է, որ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը միայն մի նպատակ է հետապնդում՝ սովի ենթարկել Արցախի բնակչությանը՝ ստիպելով հեռանալ իր բնօրրանից։ Բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտումներ իրականացնել, և առկա է ցեղասպանության վտանգ։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին՝ դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշ սահմանային հատվածներ շարունակում են Ադրբեջանի կողմից օկուպացված մնալ։
Դեսպանը շեշտել է, որ միջազգային հանրության՝ Ադրբեջանին քննադատող հայտարարություններն ակնհայտորեն բավարար չեն, և անհրաժեշտ են գործուն քայլեր՝ ագրեսորին խաղաղություն պարտադրելու և խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ իր դիվանագիտական զինանոցում Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, այդ թվում՝ թիրախային սանկցիաներ կիրառելու միջոցով։
«Ֆիգարո»-ում տպագրված հոդվածը՝ այստեղ։




