
69 կողմ ձայնով ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Անահիտ Մանասյանին:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը։
Նախօրեին խորհրդարանը քննարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը:
Անահիտ Մանասյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, ապա ուսանել է նաև ասպիրանտուրայում։ 2016 թվականին մի քանի ամիս սովորել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն էր։
Մինչ այս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր Քրիստինե Գրիգորյանը։ Նա հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխվելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարել է 1 տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։




