ԿարևորՏնտեսական

Ինչի՞ հաշվին են ավելացել դրամական փոխանցումները

Ռուս-ուկրաինական պատերազմով և  օտարերկրացիների մեծ ներհոսքով պայմանավորված  2022-ին էականորեն ավելացել է  դրամական փոխանցումների ծավալը։ Տրանսֆերտների մաքուր հոսքը կազմել է շուրջ 2.5 մլրդ դոլար՝ 2.5 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։  Գումարային ներհոսքի առյուծի բաժինը՝ 70 տոկոսը, ՌԴ-ինն է, հետո Միացյալ Նահանգներինն ու այլ երկրներինը։  Ավելացել են նաև Հայաստանից այս երկրներ ուղարկվող փոխանցումները։ 

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2022 թվականին անցել է 5 մլրդ դոլարի սահմանագիծը՝ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 2,5 անգամ։ Այս գումարի շուրջ ¾-ը Հայաստան է ուղարկվել Ռուսաստանի Դաշնությունից։

Մասնագետներն այս աճը պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմով ու օտարերկրացիների մեծ ներհոսքով։

Tvyal.com կազմակերպության ղեկավար, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ դրամական փոխանցումների աճն ազդել է նաև առևտրային հաշվեկշռի վրա։

«Ֆիզիկական անձանց կողմից իրականացված դրամական փոխանցումները ՀՀ բանկային համակարգի միջոցով 2021-ին կազմել են 2․1, 2022-ին՝ 5․1մլրդ դոլար։ Աճը մոտ 2․5 անգամ է, իսկ ՌԴ-ից եկող փոխանցումներն ավելացել են մոտ 5 անգամ»։

Տարիներ շարունակ ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտները հիմնականում կազմվել են այն գումարների հաշվին, որոնք ուղարկել են աշխատանքային միգրանտները։ 2022-ին այդ փոխանցումները նվազել են, փոխարենն ավելացել են այն գումարները, որոնք Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներն են  փոխանցել։ Իսկ այն, որ 2022-ին ավելի քիչ են մեկնել ՌԴ աշխատելու, փաստում է նաև վիճակագրությունը։ Դրանք Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն է «Ռադիոլուր»-ին փոխանցում։

«ՌԴ 2022-ին Հայաստանից աշխատանքի հիմքով՝ ՌԴ է մեկնել 330 հազար քաղաքացի։ 2021-ի համեմատ ցուցանիշը նվազել է։ Արձանագրում է, որ այստեղ նվազող աշխատանքային միգրացիա կա։ Սա պայմանավորված է և ռուս-ուկրիանական պատերազմով, և ՌԴ խստացված միգրացիոն քաղաքականությամբ»։

Պատժամիջոցների պատճառով ՌԴ-ից մեծ քանակի աշխատուժ ու կապիտալ է դուրս եկել՝ հիշեցնում է տնտեսագետ Աղասի Թավադյանն ու նկատում՝  որոշ հաշվարկներով մոտ 1 մլն աշխատուժ է դուրս եկել ՌԴ-ից։ Նրանցից շուրջ 100 հազարը եկել է ՀՀ, ՌԴ-ից դուրս եկած կապիտալի մոտ 20 տոկոսը նույնպես ՀՀ-ում է։

«Նրանց որոշ մասն էլ գնացել է երրորդ երկիր։ Շատերը Հայաստանում իրենց թղթերը ու բանկային հաշվիները կարգավորելով երրորդ երկիր են մեկնում։ Բայց նրանց մի մասն այստեղ է ու օգուտ է տալիս ՀՀ-ին»։

Տրանսֆերտների ցուցանիշն ամենաբարձրը եղել է 2013 թվականին՝ կազմելով ՀՆԱ-ում  19 տոկոսը։  2020-ին տրանսֆերտներն ամենափոքր ծավալն են ունեցել՝  կազմելով ՀՆԱ-ի  9․5 տոկոսը։ Վերջին երկու տարիներին ցուցանիշն ավելացել է։  

Ի դեպ, տրանսֆերտների աճը շարունակվում է նաև  2023 թվականին։ Այս տարվա  հունվար-փետրվարին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած փոխանցումները 3.5 անգամ գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը։

ԿԲ-ի հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը 1 միլիարդ 100 միլիոն 31 հազար դոլար է` նախորդ տարվա 308 միլիոն 16 հազար դոլարի փոխարեն։ Ընդ որում` 1,1 միլիարդ դոլարից ավելի քան 819 միլիոնը Հայաստան է փոխանցվել Ռուսաստանից։

Կարդացեք նաև

Back to top button