ԿարևորՀասարակություն

Հայաստանն ու Հունաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:

Վարչապետը բարձր է գնահատել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցությունը. «Դա մեծ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել և հաղորդել ապագա սերունդներին: Ձեր այցելությունը նոր առիթ է՝ խթանելու հայ-հունական հարաբերությունները», — նշել է Տիգրան Սարգսյանը:

Հունաստանի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել խորհրդարանական կապերի դերը երկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցում:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ կողմերը կարևորել են նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունների շարունակական զարգացման հարցում: Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես  ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», — հավելել է նա:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում անհրաժեշտ է համարվել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: «Ցանկանում ենք, որ տնտեսական ոլորտում լինեն համատեղ նոր նախաձեռնություններ և ծրագրեր: ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ բնագավառում առաջընթաց լինի», — ասել է վարչապետը: Կարևորվել է նաև ռազմական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում ծավալված շարունակական համագործակցության խորացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերի, Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել  տարածաշրջանային հարցերի: Վանգելիս Մեյմարակիսն ընդգծել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում և պաշտպանում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Երկուստեք բարձր է գնահատվել Հունաստանում գործող հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և հայ-հունական բարեկամության ամրապնդման գործում:

Հունաստանի ԱԺ նախագահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները: ՀՀ վարչապետը փոխադարձաբար ողջույններ է հաղորդել Հունաստանի իր գործընկերոջը և հրավիրել այցելել Հայաստան:

Back to top button