
Մարդու իրավունքների պաշտպանի՝ արդեն 3 ամիս թափուր պաշտոնը առաջիկայում ամենայն հավանականությամբ կզբաղեցնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ ԱԺ ոլորտային հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավորներն այսօր լսել են ՄԻՊ երկու թեկնածուներին։ Նրանցից մեկին առաջադրել է խորհրդարանական մեծամասնությունը, մյուսին՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր քվեարկությամբ հաստատել են «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրած թեկնածությունը, ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք լիագումար նիստում նոր օմբուդսմենի ընտրության հարցը կքննարկվի և կքվեարկվի մեկ թեկնածուով։ Իսկ հանձնաժողովի այսօրվա նիստն ընթացել է գերլարված մթնոլորտում՝ իրավունքների ոտնահարման ու պաշտպանության հարցը անընդհատ ակտուալ պահելով։
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունների քննարկում՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտմամբ։ Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը արձանագրեցին, որ Հայաստանում օմբուդսմենի թեկնածության քննարկումը երբևէ անհանդուրժողականության նման մթնոլորտում չի ընթացել ՝ ուղեկցվելով վիրավորանքներով, որակումներով, սադրանքներով և սպառնալիքներով։
– Այս իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական բոլոր ինստիտուտների և մարդու իրավունքների ակնհայտ անկման, դա տեղի է ունեցել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանա–թուրքական հեղափոխության հետևանքով։
– Լկտի վարքագիծը ժողովրդի հասցեին ․․․
– Դու հասկանո՞ւմ ես ինչ ես խոսում, պարոն Ղազարյան։
– Դու պետք է ներողություն խնդրես ․․․
– Պարոն Ղազարյան, խնդրում եմ ժողովրդին մի վիրավորեք։
– Ես խնդրում եմ հանձնաժողովի նախագահին կանխել կենսաբանական մեծամասնության կողմից իմ նկատմամբ իրականացվող խուլիգանական վարքագծի դրսևորումները։
– Հիմա ես ո՞ր մեկին արձագանքեմ։
– Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանա–թուրքական ինչ–որ խումբ։
– Այն էլ ժողովրդի մասին։

Այսպիսինն էր ԱԺ–ում մեկ ժամից ավելի տևած հանդիպումը ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հետ։ Նրա թեկնածությունն առաջարկել էր «Միասին» այլընտրանքային քաղաքական դաշինքը, առաջադրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բայց բացի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից, որն ընդդիմության անունից ներկայացրեց թեկնածուին, որևէ այլ ընդդիմադիր պատգմավոր չէր մասնակցում քննարկմանը։
Խորհրդարանական մեծամասնությունից Արփի Դավոյանն առանձնացրեց հատկապես այդ փաստը։
«Այդ մարդիկ այսօր չեն եկել այստեղ և որևէ կերպ իրենց աջակցությունը չեն հայտնում Ձեզ։ Ցավում եմ, որ ընդդիմությունն այսքան իջեցրել է նշաձողը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ և ուղղակի առաջադրել են մարդ, որն ուղղակի չի հրաժարվել, որովհետև բոլոր մարդիկ հրաժարվել են։ Ամաչում եմ նաև ես, որ ՀՀ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ քննարկումը վերածվեց ծաղրուծանակի»։
Ինչո՞ւ ընդդիմության ՄԻՊ թեկնածուն այդպես էլ ծրագրային դրույթներ չներկայացրեց և փորձեց քաղաքական ելույթ ունենալ՝ տարբեր որակումներով։ ՍԴ աշխատակզմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ինքը բացատրեց, թե ինչու համաձայնեց լինել օմբուդսմենի թեկնածու և որն է իր քայլի իրական նպատակը։
«Որովհետև ընդդիմությունը խորհրդարանական փորձել է առաջադրել այլ թեկնածուների, բայց այդ թեկնածուները հասկացել են, թե ովքեր պետք է քննարկեն իրենց թեկնածությունը։ Նրանք չեն համաձայնվել հայտնվել այստեղ։ Իսկ ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ ճանապարհ հարթելու համար։ Ես եկել եմ, որովհետև ես համերաշխ չեմ այս իրողության հետ»։
Շուրջ երեք ամիս թեկնածուի փնտրտուքի մեջ էր ոչ միայն ընդդիմությունը, այլև ՝ իշխանությունը։ Օմբուդսմենի ՔՊ թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։ Ընտրվելու դեպքում նա իր առաջին և սկզբունքային անելիքն այսպես է ձևակերպում։
«Մարդու իրավունքների ամբողջ կոնտեքստի հիմքում ընկած է երկու շատ կարևոր գաղափար՝ արժանապատվության և հանդուրժողականության գաղափարն է։ Կարծում եմ, որ իմ առաջնահերթ նպատակը նաև ամբողջ աշխատանքային համատեքստը, որը պատկերացնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հենց հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն է և դրան նպաստելը, որովհետև առանց նման մթնոլորտի անհնար է ուղղակի ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հնարավոր ոչ գործիքակազմ, ոչ էլ որևէ տեսանկյունից մտածել մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մասին»։
Խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությամբ ընտրեց հենց Անահիտ Մանասյանի թեկնածությունը՝ ԱԺ լիագումար նիստում նրան ներկայացնելու համար։
Այս տարվա հունվարի 23–ից Հայաստանը չունի մարդու իրավունքների պաշտպան։ Ընդամենը մեկ տարի պաշտոնավարելուց հետո նախորդ օմբուդսմենը այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Փաստացի 3 ամիս օմբուդսմեն չունենալու պայմաններում խախտվում է նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։
129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին», սակայն մինչ այս պահը այդպիսի փաստաթուղթ չի ներկայացվել՝ փաստում է
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։




