
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը՝ սիրիական հարցի շուրջ։ Քառակողմ հանդիպումից առաջ ՌԴ փոխարտգործնախարար Բոգդանովը երկկողմ հանդիպումներ է ունեցել թուրք, իրանցի և սիրիացի պաշտոնակիցների հետ։ Հանդիպման սկզբում կարճ ելույթ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Դիվանագետների հանդիպումն ընթացել է փակ ռեժիմով։ Օրակարգում եղել են Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, սիրիացի փախստականների հարցեր։ Այս հանդիպումների շարքը սկիզբ է առել անցյալ տարեվերջին, նախ եռակողմ՝ Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա ձևաչափով։ Փորձագետները նկատում են, որ այն քառակողմ է դարձել Իրանի պնդմամբ։ Ինչո՞ւ և ի՞նչ են ցանկանում կողմերից յուրաքանչյուրն այս ձևաչափում։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ փոխարտգործնախարարների քառակողմ հանդիպումը տեխնիկական բնույթ ունի։ Կողմերը փորձելու են պայմանավորվել չորս երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շուրջ։ Այս հանդիպումն՝ իր աշխարհաքաղաքական նշանակությամբ, շատ են կարևորում փորձագետները։
Հաշվի առնելով միջազգային իրավիճակը ու նաև այն, որ բավականին երկար է խոսվել նախարարական այդ հանդիպումը կազմակերպելու մասին, արևելագետ Գարիկ Միսակյանը նկատում է, որ կողմերն սրանով մի քանի նպատակ են հետապնդում։
«Եթե խոսենք Իրանից, ապա Իրանը նախ՝ իր դիրքերը չի ցանկանում զիջել կողմերից որևէ մեկին, եթե անգամ դա լինի ռուսական կողմը։ Մյուս կողմից՝ Իրանը խնդիր ունի լուծել Սիրիայում Իսրայելի մշտական հարձակումների հետ կապված հարցը, իսկ Սիրիայի «օդը փակելը» հիմնականում իրականացվում է Ռուսաստանի կողմից»,– ասում է Գարիկ Միսակյանը։
Արևելագետ Արմեն Պետրոսյանի ձևակերպմամբ՝ դժվար թե խորքային առումով լուրջ առաջընթաց արձանագրվի այն խնդիրների կարգավորման հարցում, որոնց այս հարթակը միտված է։ Խոսքը Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն է վերաբերում․
«Առնվազն սիրիական կողմը պահանջում է, որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, դիտարկել Սիրիայից թուրքական զինուժի դուրս բերումը։ Բնական է, որ Թուրքիան մերժելու է միակողմանիորեն սեփական զինուժը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու պահանջը՝ այն պայմանավորելով Սիրիայում ներկա բոլոր երկրների զինված ուժերի դուրսբերմամբ՝ ռուսական, իրանական և նաև ամերիկյան։ Հետևաբար, եթե այս տեսանկյունից դիտարկենք հարցը, նաև՝ Ռուսաստան-Արևմուտք ներկայիս հակամարտության համատեքստում, սիրիական կառավարության այս պահանջը չի իրականանալու»։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էր հայտնել, որ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 3-4-ը։
«Վերջերս Եգիպտոս կատարած այցի ժամանակ մենք հայտարարեցինք փոխնախարարների մակարդակով քառակողմ հանդիպման ժամկետի հետաձգման մասին։ Հանդիպման նոր ժամկետն արդեն համաձայնեցված է։ Այն տեղի կունենա ապրիլի 3-4-ը Մոսկվայում»,- ասել էր Չավուշօղլուն։
Այս հանդիպումից, ըստ փորձագետ Գարիկ Միսակյանի, Էրդողանն իր ընտրությունների նախաշեմին մեկ նպատակ է հետապնդում։ Այսպես ասած՝ խնդիր ունի լուծելու կամ որոշակիորեն սառեցնելու Սիրիական հակամարտությունը և այդ հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը, կարծում է փորձագետը․
«Ռուսական կողմն էլ, զբաղված լինելով Ուկրաինայով, հավանաբար փորձում է որոշակի հայտարարի գալ հիմնական խաղացողների հետ Սիրիական այս հակամարտությունում, որոշակիորեն նաև ռուսական դիրքերը Սիրիայում պահպանելու համար»։
Արևելագետ Գարիկ Միսակյանը նույնպես կարծում է, որ փոխարտգործնախարարների հանդիպումից կոնկրետ արդյունքներ, իհարկե, հնարավոր չէ սպասել, բայց, կարծում է, որ կողմերը պայմանավորվածություններ ձեռք կբերեն արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը կազմակերպելու և հենց այդ ժամանակ էլ հարցերը առավել նպատակային քննարկելու վերաբերյալ։ Թե այդ քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունները ինչ նշանակություն կարող են ունենալ՝ արևելագետն այսպիսի կարծիք հայտնեց.
«Համենայնդեպս, կարծում եմ՝ Սիրիայում Իրանի և Ռուսաստանի կողմից Թուրքիային հակակշռելը վառ օրինակ կլինի Հարավային Կովկասում նմանատիպ գործողություն իրականացնելու համար և իրանական կողմն էլ, հավանաբար, նաև լուծելով արաբական որոշ պետությունների հետ խնդիրները, որոնք են՝ Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, Իրաքը, նաև Սիրիայում է փորձում որոշակիորեն կայունության հասնել, ամենայն հավանականությամբ՝ Հարավային Կովկասի խնդիրների վրա կենտրոնանալու համար»։
Արմեն Պետրոսյանը, մինչդեռ, կարծում է, որ Թեհրանին ձեռնտու չէ Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորումը, քանի որ դրանով Սիրիայի տարածքում կթուլանան Իրանի դիրքերը։
«Պարզապես իրանական կողմը մտավ գործընթացի մեջ, որովհետև Ռուսաստանն ու Թուրքիան այն նախաձեռնել էին, անտեսելով Իրանի ներգրավվածությունը Սիրիական հակամարտությունում»,–ասում է Պետրոսյանը։
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ փոխարտգործնախարարների քառակողմ հանդիպումն ավելի շատ ֆոնային բնույթ ունի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ներկայիս արմատական փոփոխությունների համար, որտեղ Թուրքիա-Սիրիա հարաբերությունները կարևոր են։ Նա կարծում է, որ այդ առումով որոշակի գործընթացի սկիզբ կարող է լինել, սակայն՝ առանց լուրջ բովանդակության։ Թուրքիան ընտրություններից առաջ ցանկանում է որոշակի դրական միջավայր ստեղծել Սիրիայի հետ հարաբերություններում, իսկ Ռուսաստանը դրանով փորձում է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից՝ նոր խոչընդոտներ ստեղծելով Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում։ Բոլոր դեպքերում, ըստ Արմեն Պետրոսյանի, չնայած Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման այս փորձերը խիստ անհեռանկարային են բովանդակային առումով, բայց այդ երկխոսության առկայությունն, այնուամենայնիվ, շահեկան է Սիրիայի համար։






