Վերնատուն

Կանայք, որ համարձակվել են լինել հեղինակ, կամ ինչու վերընթերցել հայ գրականությունը․ «Վերնատուն»

Ի՞նչ են հետազոտում գրողները և ինչպե՞ս է նրանց հետաքրքրության կամ հետազոտության նյութը ծառայում գրականությանը։

Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը պատմում է, որ երբ իրեն սկսեցին հետաքրքրել կին հերոսուհիները, սկսեց հետաքրքրվել նաև, թե ովքեր են հեղինակները և ովքեր են այն կանայք որ համարձակվել են կամ ում թույլ է տրվել լինել հեղինակ։

Ասում է՝ կանայք, սովորույթի ուժով, երկու դեպքում կարող էին խախտել որոշ օրենքներ՝ իրենց հոգու հույզերը ցույց տալու և խոսելու առանց որևէ մեկին հաշվետու լինելով։ Հասմիկ Սիմոնյանը խոսում է ավանդական ընտանիքներում կանանց լռակյացության մասին և նշում, թե ինչ վկայություններ կան այդ մասին հեքիաթներում։

Կանայք հիմնականում իրենց սրտի խոսքը կարողացել են ասել և իրենց «դարդերը կիսել» օրորոցայինների միջոցով և դա միայն հայերի մեջ չէր։ Հասմիկ Սիմոնյանը վկայակոչում է իսպանացի գրող Գարսիա Լորկայի հոդվածը, որտեղ գրողը պատմում է՝ ինչպես էին իսպանացի կանայք օրորոցայինների միջոցով իրենց դարդ ու ցավը պատմում երեխաներին, և երեխան մեծանում էր՝ դարդերով և ընտանեկան խնդիրներով ծանրաբեռնված։

Հայ գրականության մասին խոսելիս բանաստեղծուհին նշում է կանանց կողմից ստեղծված գրական հանդեսները, որոնք բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին, որոշները նույնիսկ քննադատական «խրոխտ» հոդվածներ են տպագրել կանանց ազատագրման, դրամօժիտի, վաղ ամուսնությունների, ամուսնալուծության, ընտանիքում իրավահավասարության և այլ թեմաների մասին։

Հիշատաակելով Զմյուռնիայում 1862 թվականին տպագրվող «Հավերժահարս» հանդեսը՝ պատմում է, որ այնտեղ սիրային ստեղծագործություններ և կանաց առօրյային առնչվող մի շարք նյութեր նույնպես լինում էին։

Հասմիկ Սիմոնյանն ասում է, որ մենք այսօր կարիք ունենք հայ հեղինակներին քողազերծելու և ներկայացնելու այնպիսին, ինչպիսին նրանք եղել են, քանի որ այնպես, ինչպես նրանք ներկայացված են այսօր, կյանքի ու մեզ հետ որևէ կապ չունի։ Բանաստեղծուհին ասում է, որ նրանց տեքստերը կարդալով՝ միայն հիացմունք ես ապրում, դրանք կենդանի ու բաց տեքստեր են։

Back to top button