Հասարակություն

«Կյանք առանց սահմանների» խորագրով արշավ` Երեւանում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սկսում է «Կյանք առանց սահմանների» խորագրով արշավ, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող շնորհալի երիտասարդների խնդիրները բոլորին ականջալուր դարձնելը: Մարտի 7-ից 16-ը Սոչիում կմեկնարկի ձմեռային պարալիմպիկ խաղերը: Փետրվարի 24-ից 26-ը ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալում է պարալիմպիկ խաղերին 9 անգամ մասնակցած, 8 ոսկե մեդալների արժանացած Կալիֆոռնիայից ժամանած Քենդըս Քեյբլին: Այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կհանդիպի նաև պարալիմպիկ խաղերի մասնակից դահուկորդ Մհեր Ավանեսյանի հետ: «Կյանք առանց սահմանների» նախագծի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ:

ԱՄՆ պետքարտուղարության կողմից Հայաստանում կազմակերպվել է «Կյանք առանց սահմանների» խորագրով ծրագիր, որի նպատակն է մեծացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցողների խնդիրների վերաբերյալ: Փետրվարի 24-ից 26-ը ԱՄՆ դեսպանատունը կհյուրընկալի պարալիմպիկ խաղերում 8 ոսկե մեդալների արժանացած Քենդըս Քեյբլին, ով, 21 տարեկան հասակում ավտովթարից ստանալով ողնաշարի վնասվածք, ստիպված էր ինքնադրսևորման նոր ուղիներ գտնել սպորտում:

«Ես կարծում եմ, որ սպորտն ու արվեստը այն ոլորտներն են, որտեղ կարելի է լիարժեք ընդգրկվել: Սրանք այն ոլորտներն են, որտեղ չկան սահմանափակուներ: 21 տարեկանում ավտովթարից ստացա ողնաշարի վնասվածք և այդ ժամանակ մտածում էի, որ կյանքս ավարտվեց և ամբողջ կյանքս անցկացնելու եմ որևէ հաստատությունում: Սակայն ընտանիքիս և բարեկամներիս օգնությամբ կարողացա իմ տեղը գտնել սպորտում»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ հաշմանդամությունը կյանքի փորձություններից է և ոչ մեկս ապահովագրված չենք այդ փորձությունից, այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչը հասանելի լինի յուրաքանչյուրի համար:

«Շենքերը, շինությունները, համակարգիչները պետք է նախատեսված լինեն այնպես, որ հասանելի լինեն բոլորին: Ինչ որ մի պահի յուրաքանչյուրս էլ կարող ենք հանդիպել խնդիրների, և մեզ շրջապատող առարկաները պետք է հասանելի լինեն բոլորի համար»:

Փետրվարի 25-ին «ՆՓԱԿ» արվեստի կենտրոնում կբացվի «Կյանք առանց սահմանների» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն հաշմանդամություն ունեցող նկարիչների 29 ստեղծագործություններ: «Նփակ» նորարար փորձառական արվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արփա Հակոբյանի խոսքով` ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են հաշմանդամները լիարժեք կերպով ինտեգրվում առօրյա տարբեր զբաղմունքներում: Ցուցահանդեսը կտևի 2 շաբաթ: Իսկ փետրվարի 25-ին տեղի կունենա պարուսույց Արինա Արարատյանի բեմադրած «Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացման պրեմիերան:

««Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացումը բեմադրվել է `ցույց տալու, որ արվեստն ու ստեղծագործելը հասանելի է բոլորին: Իմ խնդիրն էր անել այնպես, որ մոտ երկու րոպե անց հանդիսատեսը մոռանա, որ ներկայացմանը մասնակցում են հաշմանդամներ,: Դուք կմոռանաք այդ ամենի մասին, քանի որ ստեղծագործական միտքն ամեն ինչ է արել: Պետք է միայն նայել»: Պարային ներկայացմանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում պրոֆեսիոնալ պարողների կողքին հանդես կգան սիրողական պարի հաշմանդամ վարպետները: Ներկայացման մուտքն ազատ է:

Back to top button