Մշակույթ

Աշխարհահռչակ Ռիչարդ Գալիանոն համերգով հանդես կգա Հայաստանում

Մայրության և գեղեցկության  տոնին ընդառաջ` մարտի  5-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի /ՀՊԿՆ/ գարնանային համերգաշրգանի մեկնարկը Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի մասնակցությամբ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Ծրագրում կհնչեն Անտոնիո Վիվալդի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլա «Տարվա եղանակներ» և Ռիչարդ Գալիանո  Օպալե-կոնցերտ նվագախմբի և  ակորդեոնի համար:

Իտալական ծագումով ֆրանսիացի ակոնդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր, ջազ իմպրովիզատոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թվականին: Դաշնամուր և ակորդեոն սկսել է  նվագել  4 տարեկանից: Առաջին ուսուցիչը  հայրն էր` ակորդեոնահար Լուսիեն Գալիանոն: Այնուհետ երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակոնդեոնին զուգահեռ  ուսանել է նաև տրոմբոնի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է 1969 թ — ին ` գերազանցության առաջին աստիճանի դիպլոմով:

Ուսմանը զուգահեռ նա մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների,  որտեղ հանդես է  եկել Բախի, Չայկովսկու, Ռավելի Գերշվինի ստեղծագործությունների կատարմամբ: Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների  «World Cup» միջազգային մրցույթներում զբաղեցրել է  առաջին տեղը,  իսկ  1968-ին  արժանացել է երկրի  նախագահական մրցանակին:

1973-ին  Գալիանոն  հարավային Ֆրանսիայից տեղափոխվում է Փարիզ և  մի քանի տարի համագործակցում է Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես  դիրիժոր,  գործիքավորող և  կոմպոզիտոր: Համագործակցում  է նաև  Շառլ Ազնավուրի, Զիզի Ժարմենի  և այլոց հետ:1983 -ին ` Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ,  Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է  ԿՈՄԵԴԻ ՖՐԱՆՍ, որտեղ  հանդես է  գալիս որպես բանդոներնահար, այնուհետ` գործիքավորող  և  կոմպոզիտոր:

1991 -ին  Գալիանոն  ստեղծում  է   «նոր մյուզետ»  ոճը և այս ոճով « Label Bleu » ստուդիայում ձայնագրում է ալբոմ:  1993 — ին` Ջազի ակադեմիան  Ռիչարդ Գալիանոյին ճանաչում է որպես  տարվա լավագույն ջազ երաժիշտ :  Նույն տարում  նա  ձայնագրում է   «Ճանապարհորդություն» ալբոմը ,  որը նույնպես  ճանաչվում է  որպես  «Տարվա լավագույն ալբոմ»:2010-ին  Ռիչարդ Գալիանոն  ստորագրեց բացառիկ պայմանագիր  աշխարհահռչակ «Deutsche Grammophon» ընկերության  հետ  և նրա առաջին ալբոմը , որը նվիրված էր Բախի  երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո  ավելի քան 40.000 օրինակով  սպառվեց մեծ արագությամբ  և  դարձավ  տարվա «Տարվա լավագույն  դասական երաժշտության» ալբոմը:

Back to top button