
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր Հայաստանում գործում է քննչական հինգ կոմիտե: Ծառայությունները չունեն առանձին տարածք եւ շատ դեպքերում տեղակայված են ոստիկանության բաժանմունքներում: Անկախության առումով դա ցանկալի չէ, ասում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյնաը: Ի դեպ` Աժ-ին ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ` նախատեսվում է տարբեր քննչական կոմիտեների փոխարեն ստեղծել ընդամենը մեկը:
Պետաիրավական բարեփոխումների շրջանակում առաջացել է անհրաժեշտություն այսօր գործող մի քանի քննչական կոմիտեների փոխարեն ստեղծել ընդամենը մեկը: Այդ նպատակով նախատեսվում է մի շարք օրենքներում փոփոխուըթյուններ եւ լրացումներ կատարել, ասում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախաձեռնությունը ֆինանսական մեծ ծախսեր չի նախատեսելու: Միակ խնդիրը վերաբերում է շենքային պայմաններին:
Օրանսդրական փոփոխությունը կանոնակարգելու է բազմաթիվ հարցեր` կոմիտեի նախագահի նշանակումից մինչեւ կենսաթոշակների հաստատում: Կոմիտեի ղեկավարի լիազորությունների ժամկետն, օրինակ` սահմանվում է 5 տարի, իսկ նշանակվում է ղեկավարը վարչապետի ներկայացմամբ: Հենց այս փաստի վրա էլ ուշադրություն է հրավիրում Աժ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Ի դեպ` օրենսդրական փոփոխություններով հստակեցվում է նաեւ, թե ով, ինչ կոչումներով ծառայողները կարող են աշխատել Քննչական ծառայությունում: Ի դեպ` համակարգում հնարավորություն կունենան ծառայելու նաեւ երկքաղաքացիություն ունեցող անձինք:
Նշենք, որ հարցը խորհրդարանում ներկայացվելու է երկուշաբթի մեկնարկող քառօրյայի ժամանակ:




