
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Եվրոպայի խորհրդի փորձագետները կարծում են, որ հայաստանյան արդարադատության ոլորտում դեռևս խնդիրներ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման հարցում: Այսօր մեկնարկած ծրագիրը նպատակ ունի լրացնել այդ բացը: Այն իրականացվելու է Հայաստան- Եվրախորհուրդ համագործակցության շրջանակներում, տևելու է երկու տարի և փորձելու է նպաստել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ ու միատեսակ կիրառմանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարծում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Եվրադատարանում կնվազեն Հայաստանի դեմ կայացվող վճռները, իսկ դատարաններում կավելանան եվրոպական նախադեպերով առաջնորդվող դատավորները:
Մարդու իրավուքների եվրոպական չափանիշները, եվրոպական դատարանի նախադեպային որոշումները շատ հաճախ են հիշատակվում, բայց նույնքան հաճախ չեն կիրառվում: Եվրոպացի մասնագետները շեշտում են հատկապես դրանց միատեսակ մեկնաբանության ու կիրառման անհրաժեշտությունը և կարծում են, որ սա ոչ միայն դատական համակարգի ինստիտուցիոնալ թերությունների արդյունք է, այլ նաև այդ չափանիշների վերաբերյալ դատավորների գիտելիքների ու հմտությունների պակասի: Հենց այդ բացը լրացնելու համար էլ մեկնարկում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» երկամյա ծրագիրը: Այն փորձելու է զարգացնել համակարգի հատկապես երկու օղակների՝ Վճռաբեկ դատարանի և Արդարադատության նորաստեղծ ակադեմիայի կարողությունները:
«Ծրագրի շրջանակներում ձևավորվելիք խումբը պետք է վերլուծի Եվրոպական դատարանի ոչ միայն Հայաստանին վերաբերող վճիռները, այլ նաև այն բոլոր վճիռները, որոնք կարող է նախադեպային նշանակություն ունենալ: Այսինքն, մենք այս կառույցից կանխարգելիչ գործառույթ ենք ակնկալում»:
Այդ կանխարգելման արդյունքում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Եվրոպական դատարանում Հայաստանին վերաբերող վճիռների նվազում է ակնկալում: Ըստ նրա՝ դատարանները հաճախ են բախվում խնդրիների, որոնք ուղղակիորեն կապվում են կոնվեցիայի դրույթների կամ եվրոպական դատարանի նախադեպային որոշումների միատեսակ մեկնաբանության հետ: Հենց այդ հարցում Վճռաբեկ դատարանին ու Արադարադատության նորաստեղծ ակադեմիային պետք է փորձի աջակցել ծրագրի շրջանակներում ձևավորվելիք փորձագիտական խումբը:
«ՄԻԵԴ ցանկացած որոշում նոր միս ու արյուն է տալիս կոնվենցիայի դրույթներին, փոխում է դրանց բովանդակությունը: Ժամանակի ընթացքում մենք տարբեր որոշումներ ենք տեսնում, որոնք փոխում են այս կամ այն նորմի բովանդակությունն ու ծավալը»:
Իրավաբան, միջազգային իրավուննի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ եվրոպական կոնվենցիայի դրույթներն ու նախադեպային որոշումները մեր դատական համարակարգում ավելի շատ վկայակոչվում են, քան կիրառվում:
«Կոնվենցիայի դրույթները շատ հաճախ վկայակոչում են փաստաբանները, դա անում են նաև դատարանները, բայց հաճախ այդ վկայակոչումը ձևական բնույթ է կրում ու գործի ելքի վրա չի անդրադառնբում»:
Բայց կան ոլորտներ է , որոնցում կոնվենցիայի դրույթներն ու եվրոպական նախադեպային որոշումները լիարժեք կիրառվում են: Օրինակ վիրավորանքի ու զրպարտության գործերով, ըստ Ղազարյանի, դատական պրակտիկան վերջին շրջանում ամբողջությամբ կառուցվել է Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա: Նա որոշակի փոփոխություն նկատում է կալանքի կիրառման հարցերում, իսկ ամենաթույլը համարում է ապացույցների ձեռքբերումն ու դատարանում դրանց կիրառումը:
«Ամենաբացը օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ձեռք բերված ապացույցների ու դատարանում դրանց կիրառման ոլորտն է, որը գործի ելքի վրա ազդեցություն ունի: Այս ոլորտի հետ կապված Եվրոպակլան դատարանում կա բավական լավ զարգացած նախադեպային իրավունք, որը դեռ մեր դատարանները գրեթե չեն կիրառել»:
Այսօր մեկնարկած ծրագիրն առաջիկա երկու տարիների ընթացքում փորձելու է լրացնել բացը՝ Վճռաբեկ դատարանի և Արդարադատության նորաստեղծ ակադեմիայի կարողությունների զարգացման միջոցով:




