
Երեկ ամենաարյունալի օրն է եղել Եվրամայդնում: Կիևի առողջապահության դեպարտամենտի տվյալներով 75 զոհերից 47-ը մահացել են հինգշաբթի տեղի ունեցած բախումների ժամանակ: Նախօրեին Ուկրաինայի Ներքին գործերի գերատեսչության ղեկավարը հրամագիր էր ստորագրել իրավապահ մարմիններին մարտական զենք տրամադրելու վերաբերյալ: Նմանատիպ հանձնարարական էր տվել նաև Պաշտպանության նախարարությունը: Սակայն երեկ ուշ երեկոյան Գերագույն ռադան որոշում է ընդունել հակաահաբեկչական միջոցառումները արգելելու մասին, որին կողմ է քվեարկել 236 պատգամավոր: Որոշման մեջ պահանջ կա նաև դադարեցնել կրակը և բոլոր ուժայիններին վերադարձնել իրենց մշտական տեղակայման վայրը:




