
Այսօր Հայաստանի մարզերից 13 երիտասարդ աղջիկ Բյուրականի աստղադիտարանում հավաքված հյուրերին, և մասնավորապես՝ ավելի քան 50 պատանիների պատմել են «դեպի աստղեր իրենց թռիչքի» ու երազանքների մասին։ Տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում առաջին քայլերը հաջողությամբ իրականացնող այս երիտասարդ աղջիկները մասնակցում էին Կանանց իրավունքների միջազգային օրվա միջոցառմանը՝ իրենց պատմություններով ոգևորելու հասակակիցներին։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններից, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ԵՄ–ի, Արագածոտնի մարզպետարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, դիմելով աղջիկներին, կոչ է արել, որ այսօրվա «դեպի աստղեր գնալու» մեր ճանապարհին յուրաքանչյուրս համարձակ լինենք մեր տեղում։ «Երբեք չունենանք այն մտավախությունը, որ մենք մի բան ավելի վատ ենք անում, քան մյուս սեռը, որ մենք շատ ավելի մեծ խոչընդոտներ ունենք, քան տղամարդիկ… ամեն ինչ մեր ձեռքում է», — նշել է Տ․ Ստեփանյանը։
Ողջունելով ներկաներին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը պատմել է մարտի 8-ի նախապատմությունը, և թե ինչ մեծ ներդրում ունեն կանայք՝ ներառյալ մերազնյա, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։
«Գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը ոչ միայն ճիշտ ուղին է, այլև խելացի ուղին է: Միավորված ազգերի կազմակերպությունը միանշանակ աջակցում է այդ գործընթացին, և մենք վստահ ենք, որ տարեցտարի ականատես ենք լինելու թվային տեխնոլոգիաների մեջ կանանց ներգրավվածության աճին», — ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատմել է հայտնի հայ կին աստղագետների մասին՝ Էլմա Պարսամյանի, որը բացահայտել է Քարահունջը, Ալենուշ Տերյանի, որին անվանում են Իրանի աստղագիտության մայր, Փարիս Փիշմիշի մասին, որը համարվում է Մեքսիկայում ժամանակակից աստղագիտության հիմնադիրը։ Պարոն Միքայելյանը աստղադիտարանի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու, ուղղորդելու աղջիկներին, եթե հետաքրքրություն ցուցաբերեն աստղագիտության ոլորտում։
Խոսնակ աղջիկները հիմնականում ներկայացնում էին բնագիտական և մաթեմատիկայի ոլորտները, իսկ ոմանք նաև նորարար տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկել իրենց համայնքում՝ մարզում դրական փոփոխություններ բերելու համար։ Միջոցառման վերջում ներկա կառույցներն ու կազմակերպությունները մրցանակներ են հանձնել խոսնակներին, որոնք նաև դարձան Նէի՝ Աղջիկ երեխայի խորհրդանիշի դեսպաններ։
Միջոցառումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանը և իրականացրել «Ֆեմիննո»-ի հետ համատեղ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։




