ԿարևորՀասարակություն

ԲԴԽ որոշումները կարող են հայտնվել ՄԻԵԴ-ում․ նոր խորհրդի հին գործելաոճը

ԲԴԽ հատկապես վերջին շրջանի աշխատանքը լուրջ քննադատության է արժանանում առայժմ Հայաստանի ներսում՝ իրավապաշտպանների և փաստաբանների կողմից։ Այժմ առաջացել է մի հիմք, որով ԲԴԽ կայացրած որոշ որոշումներ կարող են հասնել ընդհուպ մինչև Մարդու իրավուքնների Եվրոպական դատարան։ Այն դեպքում, երբ իշխանությունը և արդարադատության նախկին նախարարը ցանկություն ունեին պատժել այն դատավորներին, որոնց կայացրած վճիռներով ՀՀ պատվում է ՄԻԵԴ-ում, այժմ ստացվել է այնպես, որ Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ն արդեն կարող է ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռների պատճառ դառնալ։

Իրավական համակարգում խառնաշփոթի մասին ահազանգում են փաստաբանները։ Որոշ դեպքերում դատավորների լիազորությունների կասեցումը համարվում է վերահսկելի դատավորներ ունենալու փորձ։ Քննադատության է արժանանում նաև ԲԴԽ-ն երկպալատ դարձնելու մտադրությունը, որը նոր խնդիրներ խնդիրներ կարող է առաջացնել։

Այս տարվա 2.5 ամսում Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է արդեն 10 դատավորի լիազորություն։ Նման գործելաոճը պատճառ է դառնում, որ խոսակցություններ տարածվեն իշխանությանը հաճո դատավորներ ունենալու ցանկության մասին։ Վարույթով անցնող դատավորների անունները սահմանված կարգով ԲԴԽ–ին փոխանցում է Արդարադատության նախարարությունը։ Վերջին այդպիսի որոշումը խորհրդում կայացվել է փետրվարի 27–ին, երբ դադարեցվեցին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահեցնում է, որ ընդվզող դատավորներին պատժելու քաղաքականություն չունեն․   

«Բնականաբար, որևէ միտում կամ հատուկ նպատակ չկա։ Գործող կարգով Արդարադատության նախարարությունը իրականացնում է իր լիազորությունները։ Ստանում ենք դիմում կամ ինքնուրույն հայտնաբերման հիման վրա տեսնում ենք խախտում, վարույթ ենք հարուցում, այնուհետև դատավորին հնարավորություն ենք ընձեռում այդ վարույթի հարուցման շրջանակներում իր տեսակետը հայտնել, լսում ենք իր տեսակետը։ Եթե տեսնում ենք, որ խախտումը այնքան էական է, որ կարող ենք պատրաստել միջնորդություն, գնում ենք ԲԴԽ։ Այնտեղ լինում են «հաղթանակներ» և լինում են նաև «պարտություններ» և բոլորս պետք է ընկալենք, որ եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության, դա նշանակում է, որ այդ դատավորը դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից»։

Կանխատեսումներ կան, որ այս գործերի մի մասը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվելու հիմքեր ունեն։ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ղեկավար, փաստաբան Լուսինե Հակոբյանը լիազորությունների դադարեցման մի քանի օրինակ է բերում, համոզված լինելով, որ Հայաստանը ՄԻԵԴ-ում որոշ գործերով փաստի առաջ է կանգնելու։ Լիազորությունների կասեցման գործերից մեկով, համոզված է՝ խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը։ Այդ դեպքում «Դատական օրենսգիրքը» հակասում է Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Կան նաև խտրականության դրսևորումներ, բայց Լուսինե Հակոբյանը չի շտապում համաձայնել այն տեսակետին, թե իշխանությունը փորձում է իրեն ենթարկել դատավորներին․

«Դատական իշխանության ներսում խնդիրները շատ են, մենք էլ ենք բարձրաձայնել դատական իշխանության խնդրահարույց դեմքերի մասին։ Ես չեմ ուզում ընդհանուր առմամբ ասել, որ դա տեղի է ունենում դատավորներին իշխանությանը ենթարկեցնելու նպատակով, բայց նաև չեմ ուզում, որ այս իշխանությունը ևս նախորդների պես որդեգրի այն մոտեցումը, որ ԵԴ կդիմեն, մի 10 տարուց նոր այդ վճիռները կլինեն, այդ ժամանակ՝ ով ողջ, ով մեռած։ Դա խնդրահարույց է և նախորդ իշխանության մոտեցումն էր և շատ սխալ կլինի, որ ներկայիս իշխանությունը ևս այդ մոտեցումը որդեգրի։ Հետևաբար լուրջ մտածելու տեղ կա»։

ՄԻԵԴ-ում ԲԴԽ որոշումները վիճարկելու հնարավորությունը պետությունը կանխատեսում էր վաղուց։ Միջազգային կառույցների հետ աշխատել են և նախագիծ ներկայացրել՝ փոխելու ԲԴԽ կառուցվածքը։ Արդարադատության նախարարի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովից նախագիծը հիմնականում հավանության է արժանացել

«Միջազգային մեր գործընկերները խորհուրդ են տալիս ստեղծել մի մարմին, որտեղ դատավորը կարողանա բողոքարկել իր դեմ կայացրած ակտերը։ Այս առումով այն նախագիծը, որ կա, փոքր պալատ, մեծ պալատ նախատեսում է, որ եթե ստորին ատյանը, այս դեպքում ԲԴԽ-ն կայացնում է որոշում, որից դժգոհ է դատավորը, հնարավորություն ենք ստեղծում բողոքարկման։ Սա այն մեխանիզմն է, որ ինչ-որ իմաստով ձեր բարձրացրած մտահոգությունը փարատում է»։

Այս հարցում նախարարի հետ կրկին չի համաձայնում փաստաբանը։ Լուսինե Հակոբյանի պնդմամբ՝ նախագծում կան վիճարկելի դրույթներ։ Ճիշտ է համարում նախագիծն ուղարկել նաև Սահմանադրական դատարան՝ որոշելու համար փաստաթղթի սահմանադրականությունը։

«Ես չեմ կարծում, որ դա համահունչ է մեր Սահմանադրությանը։ Օրենսդրական փոփոխության համաձայն, ԲԴԽ-ն ներկայիս կազմով ուղղակի կդառնա երկպալատ։ Դա կստեղծի հենց ԲԴԽ–ի կայացրած որոշումների հակասականություն, և այստեղ ռիսկերը շատ են։ Ավելի ճիշտ կլիներ այդ հարցերին անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում»։

Նախարարությունում ներկայացվող դիտարկումներն ու քննադատություններն իրավաչափ չեն համարում, նախագծում հակասահմանադրական դրույթներ չեն տեսնում, հատկապես, երբ կա արդեն նաև Վենետիկի հանձնաժողովի պատասխանը։ Վստահեցնում են, որ նախագիծն օրենսդիրին կներկայացնեն արդեն լրամշակված ու անհրաժեշտ շտկումներով։

Կարդացեք նաև

Back to top button