
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր հայ ընթերցասեր հասարակությունը նշում է Ամենայն հայոց բանաստեղծ , գրող , արձակագիր Հովհաննես Թումանյանի 145-ամյակը, ով իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 80-ականների կեսից և լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո: Բանաստեղծն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ, իսկ նրա մշակած հեքիաթները միշտ են եղել սիրված:
Գրող, արձակագիր, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մշակած 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներից ու բանաստեղծություններից «Անհաղթ աքլորը», «Սուտլիկ որսկանը», «Պոչատ աղվեսը», «Անբան հուռին», «Շունն ու կատուն» և «Անխելք մարդն» այս տարի ընդգրկված են Տիկնիկային թատրոնի խաղացանկում: «Անխելք մարդը» ներկայացումը տարբեր փառատոների շրջանակներում արդեն ներկայացվել է 10 երկրներում: Այս տարվա նոյեմբերին էլ պատրաստվում են այն բեմադրել Թայլանդում:
Նրա լեզուն և մտածողությունը պարզ է, ժողովրդական: Հովհաննես Թումանյանի հեքիաթները սիրված են: Դրա վկայությունն են լեփ-լեցուն դահլիճները, նշում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ընդգծում, որ 100 տարի առաջ գրված հեքիաթները փոքրիկ հանդիսատեսին պետք է մատուցել այսօրվա լեզվով` գեղագիտական, որպեսզի դա էլ գրավի և հետաքրքրի հանդիսատեսին:
«Յուրաքանչյուր դասական, այդ թվում և Թումանյանը, բոլոր ժամանակների համար էր: Նրա ստեղծագործությունների իմաստը չի սահմանափակվում որոշակի դարաշրջանով, որոշակի տարիներով, պետք է պարզապես գտնել այդ կարևոր պահը»:
Նա խորությամբ արտացոլել է հայ ժողովրդի հոգեբանությունն ու մտքերը: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ցավում է, որ Թումանյանին հիշում են միայն մեկ օր և ընդգծում, որ դրանով շատ բան ենք կորցնում, քանի որ Թումանյանից որպես մտավորական և քաղաքացի հայ հասարակությունը շատ բան ունի սովորելու:
Մեր այսօրվա պետական միակ տինիկային թատրոնը կրում է Հովհաննես Թումանյանի անունը և սա թատրոնի գեղարվեսատական ղեկավար Ռուբեն Բաբայանի ձևակերպմամբ, պարտավորեցնող է: Միշտ պետք է լինել ժամանակակից և առաջնորդվել հումանսիտական այն սկզբունքներով, որով ապրում և ստեղծագործում էր բանաստեղծը: Բանաստեղծի կենդանության օրոք տպագրվող թերթերից ակնհայտ էր դառնում, որ նրա հասցեին մեղադրանքները բազմաթիվ են եղել:
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացվել են, վերածվել երգերի: Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ», Ալեքսանդր Սպենդիարյանը «Ալմաստ» օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն ու գեղարվեստական ֆիլմեր:




