
35 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 27-29-ը, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները բռնի տեղահանվեցին։ Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ այսօր հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Փորձագետները կարծում են, որ Հայաստանը պետք է հետամուտ լինի, որ Սումգայիթի ոճրագործությունը քաղաքական գնահատական ստանա, հատկապես, երբ Ադրբեջանը, մշտապես օգտագործելով կեղծ նյութեր, փորձում է ամեն-ինչ աշխարհին ներկայացնել ծուռ հայելու մեջ։ 1992 թ. փետրվարի 26-28-ը Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունները իր համար դարձնելով կոմերցիոն բրենդ, Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, համահարթեցնել այդ երկու իրադարձությունները։ Մինչդեռ, անգամ ադրբեջանցիներն իրենք են բացահայտել, որ այդ երկրի իշխանությունների կողմից թմբկահարվող Խոջալուի, իսկ իրականում՝ Աղդամի ոճրագործությունները, հստակորեն ծրագրված են եղել պետական մակարդաակով, ինչպես Սումգայիթի և Բաքվի ոճրագործությունները, այն տարբերությամբ, որ վերջին երկու դեպքերում ոճրագործությունների թիրախը հայերն են եղել՝ որպես շարունակություն հայաջինջ պետական քաղաքականության։
1988 թ․-ի փետրվարին Խորհրդային Ադրբեջանի իշխանության կողմից Սումգայիթում կազմակերպված հայերի ցեղասպանության և բռնի տեղահանության քաղաքականությունը շարունակվեց Բաքվում, Գանձակում։ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հայկական համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանի բնորոշմամբ՝ Սումգայիթն «անլռելի զանգագատուն է» առ այսօր.
«Այն մասին, որ հայությանը կարող է դեմ գալ նորանոր սումգայիթներ, որ հայությունը պետք է ուշքի գա։ Իսկ ուշքի գալու համար պետք է դրան պատրաստվել հակադարձել»։
Թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, նրանք հայերի բնաջնջման քաղաքականությունն ամեն կերպ կոծկել են, փոխարենը, կեղծ փաստերով թմբկահարելով Խոջալուի դեպքերը, 1992 թ. փետրվարի 26-28-ը տեղի ունեցած իրադարձությունները՝ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնելով ծուռ հայելու մեջ։ Խոջալուն Ադրբեջանի համար դարձել է կոմերցիոն բրենդ:
Այսօր էլ այդպես է։ Փորձագետները նկատում են, որ քարոզչական նման բլեֆներով Ադրբեջանի ղեկավարությունը միշտ էլ փորձել է շեղել միջազգային հանրության ուշադրությունը սումգայիթյան ոճրագործության դատապարտման խնդրից:
Ադրբեջանական քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում այս օրերին շարունակում է կեղծարարության իր շքերթը՝ աղաղակելով այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում՝ Աղդամի իրադարձությունների մասին: Մարիամ Ավագյանի դիտարկմամբ, մինչդեռ, հայկական կողմը ոչինչ չի արել բարձրաձայնելու այն, որ Սումգայիթում եղել է 1915 թ․-ի ցեղասպանության շարունակությունը։ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հայկական համագումարի» համակարգողի խոսքով՝ Սումգայիթի ոճրագործությունն ավելի քան արդիական է նաև այսօր։ Մարիամ Ավագյանը հիշեցնում է՝ 2020 թ․ պատերազմի օրերին ՌԴ նախագահը երեք անգամ հիշատակել է Սումգայիթի դեպքերը, սակայն ոչ թե նրա համար, որ ցավ էր ապրում, այլ որովհետև հայկական հարցը թանկ գնով ուզում էր վաճառել Ալիևին և Էրդողանին։
«Եթե ՌԴ-ի համար դա արդիական է, որ նրա նախագահը պատերազմի թեժ օրերին երեք անգամ հիշատակում է Սումգայիթը, ընդ որում՝ կապելով 1915 թ.-ի հետ, այսինքն՝ ուղիղ կապը տեսնում է. 15 թիվ-Սումգայիթ-20 թիվ, այդ մենք չենք տեսնու՞մ»,-ասում է Մարիամ Ավագյանը։
Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով: Հայատարարությամբ արտգործնախարարությունը նաև արձանագրել է.
«Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։ Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները»։
«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հայկական համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը կարծում է, որ հայտարարությունները պետք է լինեն առավելապես քաղաքական կամային ձուլվածքով, ինչպես ժամանակին՝ ՀԽՍՀ ԳԽ-ն է դրանք բնորոշել՝ որպես ցեղասպանություն և այդ գնահատականն ուժի մեջ է․
«Դրա մասին պետք է բարձրաձայնել, ամեն օր ասել ու աշխատել՝ քարոզչամեքենաներ ստեղծել ու աշխատեցնել։ Եթե ուզում ենք մեր հայրենիքի բեկորի վրա ապրել-հարատևել՝ այլ ելք չունենք։ Պետք է հիշատակենք, որ Խոջալուում մահմեդական վրացիներին՝ թուրք-մեսխեթցիներին սպանեցին ու դրա մասին խոսել է հենց ինքը Այազ Մութալիբովը, խոսում են ադրբեջանական որոշ լրագրողներ և այլն։ Դրա մասին պիտի խոսել, իսկ մենք՝ դաշտը թողել ենք դատարկ, Իլհամին տվել ենք բոլոր հնարավորություններն ու առավելությունները, որ աշխարհին սուտ նարատիվներ մատուցի ընդդեմ հայության։ Սրա մասին է խոսքը»։
Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությունն ուսումնասիրած ու բավականաչափ փաստեր ի մի բերած Անժելա Էլիբեգովան նկատում է՝ Ադրբեջանի հետ տեղակատվական պատերազմում մենք վերադիրքավորվելու ժամանակ չունենք.
«Ամբողջ նյութական բազան արդեն ստեղծվել է: Ամեն ինչը կա, ուղղակի, պետք է դա ճիշտ օգտագործել , ճիշտ խողովակներում՝ և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս. ուղղակի պետք է տարածել: Չեմ հասկանում ՝ինչն է խնդիրը»:
Անդրադառնալով Սումգայիթի տարելիցին, ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նկատել է.
«Առ այսօր Ադրբեջանում շարունակվում և խորանում է հայերի հանդեպ ռասայական ատելության քաղաքականությունը, որի վառ դրսևորումներից է 2020 թ. դաժանագույն պատերազմը, իսկ այժմ՝ Արցախի 78-օրյա շրջափակումը: Քանի դեռ մարդկության դեմ այդ հանցագործությունները չեն պատժվել պատշաճ կերպով, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են այդ ահավոր շղթայական հանցագործությունները՝ վտանգ ներկայացնելով քաղաքակիրթ աշխարհի համար»:
Այն, որ Սումգայիթը Հայոց ցեղասպանության հերթական ակտն էր, միանշանակ է, ասում է միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։ Ըստ նրա, սակայն, այսօր այդ փաստերով առանձին գործընթաց չենք կարող սկսել, քանի որ չկա այն ատյանը, որտեղ կարող ենք այդ գործով դատական գործընթաց սկսել։
«Ադրբեջանն ու Հայաստանը միջազգային դատական ատյաններին միացել են անկախությունից հետո և տարբեր թվականներին։ Այսինքն՝ մեխանիզմը, որ, օրինակ՝ հիմա օգտագործում ենք ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակներում, Սումգայիթի դեպքով չկա։ Բայց, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և մյուս բոլոր ցեղասպան գործողություների դեպքերը, որպես շղթայական մշակված քաղաքականություն, պետք է ներկայացվեն այսօր իսկ ընթացող դատական գործընթացներում, նաև՝ նշածս գործի շրջանակներում։ Դա՝ որպես հենց քաղաքականությունը ապացուցող շատ կարևոր փաստական հանգամանք է»,– ասում է միջազգային իրավունքի մասնագետը։
Միջազգայնագետը նկատում է, որ դա արվել է ռասսայական խտրականության կոնվենցիայի շրջանակներում ներկայացված հայցապնդման տեքստում, և կարծում է, որ այդ ամենը կներկայացվի նաև այլ դատական գործընթացներում, եթե ապագայում լինի։ Օրինակ՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման շրջանակներում, եթե գործ սկսվի Ադրբեջանի դեմ, դրանք կարևոր փաստեր են, որոնք անհրաժեշտ կլինի ներկայացնել, որոնց հիման վրա կապացուցվի, որ Ադրբեջանը շարունակաբար ցեղասպան քաղաքականություն է իրականացնում։




