
Օրերս Հայաստան այցելած ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ, հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Համազեկուցողներն արձանագրել են՝
— Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղում դրա արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը
— Լեռնային Ղարաբաղի էլեկտրականության և գազամատակարարման պարբերական խափանումները
— ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը և ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան՝ այդ թվում արգելված զինատեսակների կիրառմամբ և քաղաքացիական ենթակառուցվածքների խոցմամբ
Համազեկուցողները ֆիքսել են նաև, որ Լաչինի միջանցքով ազատ շարժը պետք է պահպանվի համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության և հրավիրել են ԵԽԽՎ բոլոր անդամներին և վերջիններիս երկրների խորհրդարաններին միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։
Համազեկուցողները նաև կոչ են արել զորքերի հայելային հետքաշում իրականացնել ՀՀ-Ադրբեջան սահմանից։




