
Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում էներգետիկ ճգնաժամը սրվել է, ավելացել են վթարները։ Էներգետիկ համակարգը կաթվածահար է հունվարի 9–ից, երբ վթարվեց Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Արդեն երկու ամիս Արցախում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ վաճառվում են կտրոններով։ Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերահսկում է շուկան։ Կառույցից «Ռադիոլուր»–ին փոխանցել են՝ ամենօրյա դիտանցումներ են իրականացնում Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունի, Մարտակերտ քաղաքների առևտրային օբյեկտներում։
Արցախում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, բաշխիչ ցանցն աշխատում է ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ «Ռադիոլուր»–ին ասում է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը։ Նշում է, որ Արցախն իր էներգետիկ պահանջարկը բավարարում է ներքին ռեսուրսների հաշվին։
«Ցանցի վիճակն ավելի վատ է, ամբողջ բեռը ցանցի վրա է։ Դրանից վթարները մի քանի անգամ շատացել են, ծանրաբեռնվածությունը թույլատրելիից ավելացել է»։
Արցախում էներգետիկ համակարգը կաթվածահար է հունվարի 9–ից, երբ վթարվեց Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս այն վերանորոգել։ Նախնական տվյալներով՝ մի քանի ժամում հնարավոր կլինի վերականգնել էլեկտրագիծը, բայց վերջնական գնահատականը կտրվի, երբ մասնագետները վթարի վայր կմեկնեն։ Իսկ այդ հնարավորությունը նրանք առայժմ չունեն։ Այս պահին Արցախում հոսանքն անջատվում է մեկական ժամով՝ վեց անգամ։ Ժամանակացույցի փոփոխություն դեռ չի քննարկվում՝ ասում է «Արցախէներգո»–ի տնօրենը։ Նաև հորդորում է էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործել։
«Մեր ամենօրյա կոչն է, որ բոլորս միասին ուշադրություն դարձնենք ու էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործենք։ Էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործելն այսօր սուր կարիք է»։
Քանի որ էլեկտրաէներգիայի սպառման ամենամեծ ծավալը Ստեփանակերտում է, հենց Արցախի մայրաքաղաքում էլ ամենաշատ վթարներն են գրանցվում։ Արցախում հոսանք սպառող խոշոր արտադրական ձեռնարկությունները չեն աշխատում։ Ներքին պահանջարկը բավարարելու համար 45 մեգավատտ հոսանք է անհրաժեշտ, բայց արտադրվում է ավելի քիչ՝ 30–36 մեգավատտ։ Արտադրվող հոսանքի ծավալը կախված է Սարսանգի ջրամբարում առկա ջրի քանակից։
Մի քանի օրից Արցախում կընդլայնվի կտրոնով տրամադրվող մթերքի ցանկը՝ կավելանան բանջարեղենը, միրգը, ձուն, լվացքի փոշին։ Վաճառվող ապրանքների գների անհիմն բարձրացում թույլ չտալու նպատակով Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերահսկում է շուկան։ Հանձնաժողովից «Ռադիոլուր»–ին փոխանցում են՝ ամենօրյա դիտանցումներ են իրականացնում Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունի, Մարտակերտ քաղաքների առևտրային օբյեկտներում։
«Դիտանցումների ընթացքում առևտրային օբյեկտները զգուշացվում են, որ զերծ մնան անհայտ ծագման բարձր գներով առաջարկվող ապրանքատեսակների ձեռք բերումից, ձեռք բերման դեպքում էլ իրացնեն բացառապես շրջափակման իրացման գներով, իսկ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից առևտրային օբյեկտներին մնացած ապրանքատեսակների համար պահպանեն մինչև 15 տոկոս վերադիր»։
13 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակներ բարձր գներով իրացնելու համար։ Վարչական վարույթները հարուցվել են Ստեփանակերտի 4, Ասկերանի 5, Մարտակերտի 2 և Մարտակերտի շրջանի երկու համայնքներում գործող 1-ական առևտրային օբյեկտների նկատմամբ:
«Տնտեսվարողները բարձր գներ կիրառել են միրգ–բանջարեղեն, քաղցրավենիք, ձկնեղեն ապրանքատեսակների իրացման ժամանակ։ Արձանագրված բոլոր դեպքերում առևտրային օբյեկտներում բացակայել է ապրանքատեսակների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերը»։
Գնագոյացումը վերահսկելու և բարեխիղճ մրցակցային միջավայր ապահովելու նպատակով հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ ապրանքատեսակների իրացման բարձր գների կիրառումից ու առանց հիմնավորող փաստաթղթերի դրանց ձեռք բերումից։ Ապրանքների իրացմանը վերաբերող մեկ այլ հարցով էլ զբաղվում է ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Կառույցը կստուգի սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվության իսկությունը, համաձայն որի՝ Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերք է վաճառվում։
Շարունակվում են նաև շրջափակման սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության ծրագրերը։ Դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, որն առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։ Դրամական աջակցությունը միանվագ է՝ 68 հազար դրամ։ Դրամական աջակցություն չի տրամադրվի այն անձանց, որոնց անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների միջին ամսական եկամուտը գերազանցել է 500 000 դրամը։




