
2024-ից մեկնարկող, իսկ 2027-ից բոլորի համար պարտադիր դարձող առողջապահական ապահովագրությունը Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է՝ վստահեցնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նրա՝ այսօր շատերը ֆինանսական խնդիրներից ելնելով՝ կամ հետաձգում, կամ առհասարակ չեն դիմում բժշկական միջամտությունների։ Պարտադիր ապահովագրությունը, ըստ նախարարի, ոչ միայն կմեղմի, այլ նաև կլուծի այս խնդիրը․
«Այսօր էլ մարդը առողջապահական ծառայությունների համար վճարում է, հիմա մենք առաջարկում ենք միանալ ապահովագրական համակարգին, որպեսզի կարիքի դեպքում ոչ թե միանգամից անհասանելի մեծ գումար վճարի, ինչի համար վարկ վերցնի, հետո տարիներով այդ վարկը մարի, այլ պարբերաբար մի որոշ չափի գումար վճարի, ապահովագրի իրեն առողջապահական ծախսերից»,– մանրամասնում է առողջապահության նախարարը։
Իսկ թե ինչ կարժենա ապահովագրությունը, կառավարության ներկայացուցիչը դեռ չի մանրամասնում։ Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն հարկային գործակալի, այսինքն՝ գործատուի կողմից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն և այն խմբում չեն, որոնց համար պետությունը պետք է վճարի, իրենք ամսական վճարում կանեն սեփական առողջությունը ապահովագրելու համար։ Առայժմ պարզ չէ նաև, թե պետությունը որքան, քանի տոկոսով կսուբսիդավորի առանձին խմբերի ապահովագրավճարները․
«Փաթեթի արժեքը լինելու է նույնական բոլորի համար, սակայն տարբեր են լինելու պետության կողմից ապահովագրավճակի սուբսիդավորման տոկոսները։ Այս փաթեթը լինելու է բավական ընդգրկուն, այն հիմնված է Հայաստանում հիվանդացության հիմնական բեռի վրա․ դրանք սիրտանոթային հիվանդություններն են, քաղցկեղն է, դիաբետն է և այլն։ Այո, դեղորայքը ևս ընդգրկվելու է փաթեթի մեջ և քիմիոթերապևտիկ դեղերը, որոնք հիմնական բեռն են քաղաքացիների համար, ինչպես նաև խրոնիկ հիվանդների դեղորայքը ընդգրկվելու է փաթեթի մեջ»։
Առողջապահական պարտադիր ապահովագրությունը ներդնելու համար կառավարությունն արդեն համապատասխան հայեցակարգը ընդունել է, առաջիկայում էլ հանրային քննարկման կներկայացվի համապատասխան օրենսդրական կարգավորումների նախագիծը։ Անահիտ Ավանեսյանը հիշեցնում է՝ քաղաքացիների առողջությունը կապահովագրվի փուլային եղանակով․ 2024թ ապահովագրական համակարգը կգործի պետպատվերի շահառու քաղաքացիների համար, 2025-ին պետությունը կապահովագրի թոշակառուներին, իսկ 2027-ից համապարփակ ապահովագրությունը պարտադիր կլինի բոլորի համար։ Այս բոլոր փուլերում էլ ցանկացողները կարող են կամավոր միանալ ապահովագրական ծրագրին։
«Այո, ապահովագրական համակարգը ամեն ինչ չի ծածկել և չի էլ կարող ամեն ինչ ծածկել․ մեզ համար կան այս պահին առաջնահերթ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք, և մեր տնտեսության զարգացման հետ նաև պետք է ընդգրկենք նոր ծառայություններ։ Սակայն այս պահին Հայաստանում գործող ծառայությունների մեծամասնությունը ընդգրկված է ապահովագրական փաթեթի մեջ։ Ապահովագրությունը վերաբերում է նաև թանկարժեք վիրահատություններին»,– ասում է նախարարը։
Պարտադիր ապահովագրության հետ աստիճանաբար կներդրվի նաև բուժօգնության ստանդարտացումը։ Սա նշանակում է, որ անկախ այն բանից, բուժառուն բուժօգնություն ստանալու համար դիմել է Գյումրիի, Մեղրիի թե Երևանի որևէ բժշկական կենտրոն, նրա բուժման սխեման և բուժսպասարկման որակը նույնական կլինի։ Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ բուժսպասարկման որակը բարձրացնել սկսելու են հենց առաջնային օղակից՝ պոլիկլինիկաներից․
«Սա վերաբերում է ինչպես շենքային պայմաններին, ենթակառուցվածքների բարեփոխմանը, այնպես էլ ծառայությունների բովանդակության և որակի բարձրացմանը։ Նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգերը բարեհաջող գործում են, եթե առաջնային օղակը ունի այդ կարողությունները՝ մարդկանց առողջության պահպանման հիմնական բեռն իր վրա վերցնելու համար և արդյունքում հիվանդանոցային օղակի չի դառնում քաղաքացիների միակ հասցեատերը»։
Ավանեսյանը շեշտում է՝ համակարգի ներդրումը չի բացառում նաև դաշտում մասնավոր ապահովագրական ընկերությունների գործունեությունը․ ավելին մրցակցային դաշտ կստեղծվի։ Ապահովագրության շրջանակներում բուժօգնություն տրամադրող բուժհաստատությունների հետ առանձին պայմանագիր կկնքվի։ Այդ բուժհաստատությունները պետք է համապատասպանեն որոշակի չափանիշերի, բացի այդ, բուժհաստատությունները իրենք կորոշեն ընդգրկվել ապահովագրական համակարգի մեջ, թե ոչ։ Անահիտ Ավանեսյանը հնչող անհանգստություններին ի պատասխան, վստահեցնում է՝ առողջապահական համակարգը այս բեռին պատրաստ է, առկա խնդիրներն էլ քայլ առ քայլ կլուծվեն իրականացվող բարեփոխումների շրջանակում։






