
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձնազրույցից հետո հայտարարությամբ են հանդես եկել։
Միրզոյանը մասնավորապես հայտնել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը։
«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Նախարարը հայտնել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է այս հարցի վերաբերյալ որոշ դետալներ։
«Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել է Միրզոյանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հույս ունի առաջընթացի հասնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Այսօր մենք մեր գործընկեր Միրզոյանի հետ քննարկեցինք հարաբերությունների կարգավորումը շարունակելու համար անհրաժեշտ քայլերը: Մենք պայմանավորվեցինք արագացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
«Հայ գործընկերը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին։ Եթե երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, սա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ըստ Ռիա Նովոստիի՝ ընդգծել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին անցակետերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, վերանորոգվում են դեպի դրանք տանող ճանապարհներն ու կամուրջները։
Սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա, ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումի և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։




