
Ավտոտնակներ, բնակելի տներին կից նոր տներ, ավելացված սենյակներ, ամենատարբեր կցակառույցներ, արտադրական օբյեկտներ ու շինություններ․ միայն Երևանում 2022-ի ընթացքում այսպիսի շուրջ 16 հազար ինքնակամ շինություն է հաշվառվել։ Եվս 10000–ը հաշվառվել է մարզերում։ Հայաստանի կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը հիշեցնում է՝ 2022-ի տարեսկզբին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններից հետո քաղաքացիները պարտավոր էին հստակ սահմանված վերջնաժամկետներով հաշվառել ինքնակամ կառույցները, այլապես սահմանված ժամկետից հետո դրանք հաշվառել, հետևաբար նաև օրինականացնել հնարավոր չէր լինի։
«Մենք ունեցանք ամսական միջինը 1000-1500 հաշվառման փաթեթի մուտքագրում։ Իսկ վեջին օրերին օրական ստացվող փոթեթների թիվը հասնում էր 650-700-ի։ Ներկայումս հաշվառման գործընթացն արդեն Երևանում չի իրկանացվում, մյուս մարզերում շարունակվում է՝ համաձայն քաղաքային և գյուղական բնակավայրերի համար սահմանված վերջնաժամկետների։ Օրինակ՝ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր համայնքները, որպես քաղաքային բնակավայրեր, մինչև 2024 հունվարի 1-ը ժամանակ ունենա, իսկ Գառնիի համար օրինակ սահմանված վերջնաժամկետը 2025 հունվարի 1–ն է»,– մանրամասնում է Գևորգ Մանուկյանը։
Մայրաքաղաքի համար ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2023թ հունվարի 1-ը։ Մանուկյանն ասում է՝ քաղաքացիները հիմնականում հաշվառման գործընթացը դեկտեմբերին՝ վերջին պահին են իրականացրել։ Մարզերում գործընթացն ավելի դանդաղ է ընթանում։

«Ամենապասիվ մարզը այս իմաստով թերևս Վայոց ձորի և Տավուշի մարզերն են։ Ամբողջ 2022թ ընթացքում 200-350 ինքնակամ կառույց է հաշվառվել այս մարզերում։ Ակտիվ մարզերից են, օրինակ, Արմավիրի ու Կոտայքի մարզերը, այստեղ հաշվառման փաթեթների քանակը հասել է 3200-ի»,-ասում է Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը։
Գործող օրենսդրությամբ քաղաքացին պետք է նախ հաշվառի իր ինքնակամ կառույցը, որից հետո միայն կարող է այն օրինականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետն ասում է՝ հաշվառելուց հետո օրինականացնելու գործընթաց սկսելու համար առայժմ սահմանված ժամանակահատված չկա, սակայն առաջիկայում այս ժամկետները ևս նախատեսում են օրենքով սահմանել։
«Հաշվառումից հետո մենք կարողանալու ենք ֆիքսել մեր ամբողջ հանրապետության անշարժ գույքի ռեսուրսը, ունենալ ճիշտ տեղեկատվություն ինքնակամ կառույցների, հողօգտագործման խնդիրների, համայնքային հողերի ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ։ Այսպիսով նաև բացառելու ենք չհաշվառված ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը»։
Հաշվառելը պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթաց սկսելու համար։ Սեփական նախաձեռնությամբ, առանց շինարարություն իրականացնելու թույլտվության կառուցված շինությունը օրինականացնելու, հետևաբար նաև սեփականության վկայական ունենալու համար կառույցը հաշվառվելուց հետո, այսպես ասենք, «փորձաքննություն» է անցնում։ Եթե շինությունը կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտումներով, «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից վտանգ է ներկայացնում, ապա շինությունը չի օրինականացվի։
«Հաշվառումից հետո ուղղակի տվյալների ամփոփում է իրականացվում, ներկայացվում է համայնքների ղեկավարներին, հաշվառված բոլոր տվյալները նաև մուտքագրվում է Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ՝ կադաստրի բազա, որպեսզի տվյալ գույքի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան պահպանվի»,մանրամասնում է Մանուկյանը։
Այդպես էլ չօրինականացված շինությունները ենթակա են քանդման։ Տեղական ինքնակառավարման մարմինները նախ քաղաքացիներին ժամանակ են տրամադրում սեփական միջոցներով ապօրինի շինությունը քանդելու համար, դրանից հետո արդեն իրենք են իրավունք ստանում սեփական միջոցներով քանդել անօրինական կառույցները։ Երևանի քաղաքապետարանը 2021-ին, օրինակ, Աջափնյակում՝ 100, Մալաթիա-Սեբաստիայում՝ 50, Նոր Նորքում 48 ապօրինի շինություն է քանդել: 2022-ին բոլոր վարչական շրջաններում կառուցված շուրջ 400 ինքնակամ շինությունների ավելի քան կեսն արդեն քանդվել է:






