
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։
«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկել է շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ։




