
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում աղուտներ շատ կան: Հողերն աղակալել են ստորերկրյա ջրերի բարձրացման հետևանքով: Նախկինում գյուղի մեծ մասը ճահճուտներ էին, լճակներ, որտեղ ձկներ էին աճեցնում: Վերջին տարիներին դրանք ցամաքել են, ստորգետնյա ջրերի մակարդակն իջել է, իսկ տեղանքը՝ դարձել արոտավայր: Ոռոգման ջրի պակաս կա գյուղնշանակության մշակովի հողերում, որտեղ վերջին տարիներին առվույտ են ցանում, որպեսզի դրանք աղուտների չվերածվեն:
Խորհրդային տարիներին աղուտները մշակվել են թթուներով ու մելիորացվել, իսկ հողերի մասնավորեցումից հետո մնացել են անմշակ: Զարթոնքում ոռոգման ջրի պակաս կա. Արաքսից ջուր գարնանն են ունենում, Սևջուր գետը ցամաքել է, պոմպակայանն արդեն երկու տարի չի աշխատում: Արսեն Աղաջանյանն ասում է, որ տարիներ առաջ գյուղում սկսել էին արհեստական լճերում իշխան ձուկ աճեցնել:

«Պոմպակայան ունեինք, Սևջուր գետի ջրերով էինք ոռոգում: 7-8 գյուղեր այդ պոմպակայանից էին օգտվում: Մեզ Արաքս գետի ջուրն էր հասնում, Սևջուր գետի, որը գետնի տակից էր դուրս գալիս, տարածքը ողողված էր ջրերով: Մարդիկ լճեր էին սարքել ու իշխան ձուկ էին աճեցնում: Հիմա դրանք լրիվ ցամաքել են: Մեր գյուղի ուղիղ կեսը աղուտային հողեր են»:
Զարթոնքի1600 հեկտար հողերից մոտ 380-ն է մշակովի. գերակշիռ մասը աղուտներ են և այլ նշանակության հողեր: Անջրդի են դարձել նաև Զարթոնք և Եղեգնուտ գյուղերի միջանկյալ հողատարածքները: Այդ հատվածում Թաթուլ Համբարձումյանը առվույտ է ցանել:

«Գարնանը Արաքսից եկած ջրով ինչքան հասցնում ջրում ենք, հետո ջուր չի լինում: Հիմա իմ այդ հողն անջրդի է համարվում, բայց մշակում ենք, որ գոնե 2 անգամ առվույտ քաղենք: Եթե չմշակենք, լրիվ աղուտ կդառնա»:
Նշված տարածքում հողերը ոռոգվում են Մայր Արաքսի հեղեղումների հաշվին, մեծամասամբ առվույտ են ցանում, որը բարձրացնում է հողի որակը: Անցած տարի առվույտի բերքից դժգոհ է Սուսաննա Սերոբյանը։
«Մեր հողը Եղեգնուտի ջրատարի տակն է: Անցած տարի քիչ էր ոռոգման ջուրը, բերք քիչ տվեց՝ 2 անգամ քաղեցինք, բայց կարող էինք 4 անգամ քաղել: Բույսը ջուր է սիրում, ինչքան ջրես, այնքան կաճի: Ջուրը շատ քիչ էր, միայն մենք չենք բողոքում, բոլոր բնակիչները դժգոհ են»:

Սովորաբար գյուղացիներն առվույտը ցանում են հողերի ցանքաշրջանառության ժամանակ: 3-4 տարվա ընթացքում հողը հանգստանում է և հարստանում հանքանյութերով: Երկու տարի առաջ երաշտի պատճառով անասնակերը թանկացել էր, և գյուղացիներն ավելի շատ առվույտ ցանեցին: Թաթուլ Համբարձումյան.
«Մի հատվածում քաղել եմ 2 անգամ՝ ջուր չլինելու պատճառով, մյուսում՝ 4: Մեկ հեկտարի հաշվարկով ամեն քաղին պետք է ստանանք 250-300 հակ առվույտ, բայց մենք քաղում ենք 150-180 հակ՝ ոռոգման դեպքում»:
Զարթոնք գյուղում մշակում են բանջարեղեն ու սորգո՝ ավել: Տնամերձ հողամասերը հիմնականում ոռոգում են խորքային հորերով և ջրհորներով՝ ասում է Զարթոնք գյուղի վարչական ղեկավար Սամվել Աղաջանյանը.
«Ստորգետնյա ջրերի մակարդակը խիստ իջել է, որպեսզի կենտրոնախույս պոմպերով կարողանանք ջուր քաշել, մենք փորել ենք 5մ խորությամբ փոսեր և պոմպերը տեղադրել այնտեղ: Այդպես ոռոգում ենք տնամերձ հողակտորները»:
Կենտրոնախույս պոմպեր գրեթե բոլորն ունեն: Թաթուլ Համբարձումյանը տնամերձը ոռոգում է հորի ջրով: Սկզբում բանջարեղենի ջերմոցներ էր դրել, հետո փոխարինել տնկիներով:

«Ջրհոր եմ փորել, հիմա 4մ-ից ջուր կա: Պոմպը դրված է ներսում, եթե միացնեմ , ջուր կգա, բայց պետք չի: Այստեղից խողովակները միացվում են կաթիլային ոռոգման համար, մյուսով՝ բակում գործեր ենք անում»:
Ձմռանը հորերի ջրերի մակարդակն ավելի բարձր է, իսկ ամռանը 7-8 մետրից իջնում է մինչև 15-20 մ: Գյուղում ոռոգման ներքին ցանցերը վնասված են, ջրի կորուստը՝ մեծ: Վարչական ղեկավար Սամվել Աղաջանյանն ասում է, որ այս տարի սուբվենցիոն ծրագրով վերականգնելու են նաև ջրատարները:
«Կիսախողովակները շուրջ 25 տարվա կառույց են, որոնք պետք է փոխարինվեն նորով: Ջրի կորուստը շատ է և ժողովրդին հասանելի չէ, որովհետև կիսախողովակները վնասված ու քայքայված են, ջուրն ավելի շատ ներծծվում է հողի մեջ ու տեղ չի հասնում»:
Զարթոնքում սուբվենցիայիով վերականգնվելու է 2 խորքային հոր, գազիֆիկացվելու են նորակառույց տները, իսկ մշակույթի տան հիմնանորոգումը սուբվենցիոն ծրագրում չի ընդգրկվել: Վարչական ղեկավարի խոսքով՝ անցած տարի գյուղում սեփական եկամուտները հավաքվել են 102 տոկոսով, մեծ մասը՝ գույքահարկի գծով:




