ԿարևորՔաղաքական

Ինչ կլիներ եթե Հայաստանը խուսափեր թե ԵՄ-ի հետ ասոցացումից, թե ՄՄ-ին անդամակցությունից

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայ-ռուսական հարաբերություններին է այսօր անդրադարձել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները բաժանելով երեք փուլի` քաղաքագետը նկատել է, որ վերջին փուլում` 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի շեշտադրումներ փոխվեցին, ինչը, նրա գնահատմամբ, սխալ էր եւ դրա արդյունքում այդ ռազմավարական հարաբերություններում մտավ խորը կասկած ու վտանգավոր անհասկացողություն:

90-ականներից սկսած հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները դրական նշանակություն են ունեցել Հայաստանի համար` կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով, մասնավորապես, այդ ռազմավարական հարաբերությունների շնորհիվ Հայաստանին հաջողվել է չեզոքացնել Ադրբեջանական նավթադոլարները` մատչելի գներով զենք-զինամթերք գնելով Ռուսաստանից: Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ ռուս-վրացական պատերազմից հետո սկսված փուլում` հայ-ռուսական հարաբերություններում որոշակի շեշտադրումներ փոխվեցին, ինչը հանգեցրել էր կասկածների եւ անհասկացողության:

Քաղաքագետը կարծում է, որ դրա արդյունքում առավել մեծացավ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Դրանով պայմանավորվեց այն հանգամանքը, որ Հայաստանը երկարաձգեց Ռուսական ռազմաբազաների ներկայությունը 49 տարով: Վերլուծաբանի դիտարկմամբ` հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների համար երկրորդ խնդիրը դարձավ Եվրոպայի հետ ասոցացված հարաբերությունների հարցը:

Հաջորդեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելու գործարքը, ինչը, ըստ վերլուծաբանի, ռազմավարական գործընկերության շրջանակներում առաջին դեպքն էր, որ Ռուսաստանն ըստ էության խախտեց հավասարակշռությունը: Քաղաքագետը բնական է համարում, որ այն բավականին մտահոգիչ էր Հայաստանի համար եւ կարծում է, որ փաստացի հենց սրանով էլ պայմանավորվեց Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը:

Վերլուծաբանի կարծիքով` լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստանը խուսափեր թե ԵՄ-ի հետ ասոցացումից, թե ՄՄ-ին անդամակցությունից` կարողանալով կամրջակի ֆունկցիա կատարել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, ինչը մինչ այդ հաջողությամբ էր կատարում:

Back to top button