
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների` Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովի կապակցությամբ` ընդգծելով, որ համաժողովը շատ օգտակար է եղել, մասնավորապես, նախարարների միջև կապերի ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկունից:
ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարը իր հերթին հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքում` կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Վերջինս հատուկ ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահությունն անցել է շատ արդյունավետ և հաջող, այդ թվում նաև կրթության ոլորտում: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Մասնավորապես, շեշտադրվել են բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հակակոռուպցիոն ծրագրի, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին և երեխաների իրավունքների պաշպանությանն ուղղված ծրագրերը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ոչ մի երկրի, այդ թվում նաև ԵՄ անդամ, ամբողջությամբ չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նախարարի, պահանջում է երկար և հետևողական պայքար, ինչպես նաև, առաջին հերթին, մտածողության փոփոխություն:




