Տնտեսական

2015 թ ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միությունը Հայաստանը փորձելու է դարձնել նորաձևության միջազգային կենտրոն

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահներ Հովսեփ Պողոսյան ու Սուրեն Բեկիրսկին այսօր խոսելով ՀՀ թեթև արդյունաբերության վերականգնմանն ուղղված իրենց ծրագրերի մասին` ներկայացրել են նաև առաջիկա 10 տարվա համար նախատեսված «Հայաստանի կոշիկի արտադրության ռազմավարությունը», «Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը» եւ դրանցից բխող 2014-2016 թթ գործունեության ծրագիրը: Գործատուների միության համանախագահները հայտնել են, որ պետության աջակցությամբ և մասնավորի հետ համագործակցությամբ իրենց ծրագիրը կկարողանան ոչ միայն կյանքի կոչել, այլև նոր աշխատատեղեր ստեղծել:

2011 թվականից Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության նախաձեռնությամբ գործող ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միությունը որոշել է անցնել կոնկրետ գործողությունների և պետության աջակցությամբ հզորացնել Հայաստանում գործող թեթև արդյունաբերության ձեռնարկությունները և հնարավորինս բարձրացնել նրանց մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանի տեղեկացմամբ` տևական բանակցությունների արդյունքում 2013 թվականի դեկտեմբերին պաշտոնապես հաստատվել են տասը տարվա համար նախատեսված «Հայաստանի կոշիկի արտադրության ռազմավարությունը», «Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը» եւ դրանցից բխող 2014-2016 թթ գործունեության ծրագիրը, որով, ըստ էության, ավարտվել է ոլորտի վերականգնմանը միտված աշխատանքների առաջին փուլը: Իսկ արդեն այս տարվա փետրվարի 5-ին կառավարության և թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջև ստորագրվեց թեթև արդյունաբերության ոլորտի ռազմավարության իրականացման վերաբերյալ հուշագիր, որով էլ դրվեց այդ փաստաթղթերը կյանքի կոչելու սկիզբը:

Ծրագիրը բավականին խոստումնալից է, բայց միևնույն ժամանակ շատ ավելի բարդ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ներկայում տեղական արտադրությունն իրականացնում են փոքր և միջին մոտ 6 տասնյակի հասնող ձեռնարկություններ, որոնք իրենց բազմաթիվ խնդիրները պետք է լուծեն , որպեսզի կարողանան դառնալ վերոնշյալ պետական ծրագրի լիարժեք կողմ կամ մասնակից: Այդ խնդիրներից առավել առաջնայիններն են շրջանառու միջոցների խիստ պակասը, հումքային բազայի անկանոն վիճակը, կադրերի պակասն ու կադրերի պատրաստման խիստ ցածր մակարդակը, համատեղ գործելու փորձի պակասը և այլն: Իհարկե թեթև արդյունաբերության գործատուների միությունը մշակել է նաև համապատասխան քայլեր այս խնդիրների լուծման ուղղությամբ, բայց այդ ճանապարհին բավականին կարևոր է նաև պետության դերն ու աջակցությունը, նշեց միության համանախագահ Սուրեն Բեկիրսկին, ով նկատեց, որ մեզ մոտ մի բանն է պրոբլեմատիկ, օրենք գրողներն ու ընդունողները այն գրում են միայն կատարողների համար:

Ի դեպ, միության համանախագահները նշեցին, որ 2015 թվականին պետության հետ միասին փորձելու են Երեւանում հավաքել ոլորտում գործող սփյուռքի հայ մասնագետներին` Հայաստանը նորաձևության միջազգային կենտրոն դարձնելու եւ հայկական բրենդի ստեղծման օրակարգով: Իսկ ներքին շուկայում հաջողության հասնելու համար Երևանում ստեղծելու են տեղական արտադրողների ապրանքների մշտապես գործող առևտրի կենտրոն և միայն տեղական արտադրողների ապրանքները վաճառող խանութների ցանց՝ ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում:

Կարդացեք նաև

Back to top button