
Բոլոր դժվարություններով հանդերձ՝ կարծում եմ՝ Արցախի ժողովուրդը կմնա ուժեղ և հավատարիմ իր հայրենիքին՝ BBC-ի Hardtalk-ի եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Շատ կարևոր է, որ աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում շրջափակված տարածքում, որտեղ հազարամյակներով իրենց հողի վրա ապրած և վերջին 35 տարիների ընթացքում անկախության համար պայքարող 120 հազար մարդ արգելափակված է ադրբեջանական «Էկո-ակտիվիստների» կողմից։ Դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանական պետության աջակցությամբ նրանք վերահսկում են ճանապարհը, և մենք ոչ մի բան չենք ստանում, բացի Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությունից: Գազ չունենք, սահմանափակվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Սնունդ, դեղամիջոցներ և բենզին չի կարող մուտք գործել մեր տարածք առանց Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների»,- Սթիվեն Սակուրին տված հարցազրույցում ասել է Վարդանյանը:
«1988 թվականից Արցախի հայերն ասում են «մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու» և պայքարում են իրենց ազատության համար։ Այսօր մենք շատ պարզ հարցադրում ենք անում աշխարհին՝ մենք ունե՞նք ինքնորոշման իրավունք, հատկապես մի պետությունում, որը ոտնահարում է մարդու բոլոր իրավունքները սեփական ժողովրդի համար»,-նշել է պետնախարարը։
Վարդանյանը շեշտել է, որ Ադրբեջանի գոյության104 տարիներից 44-ի ընթացքում երկիրը վերահսկում է մեկ ընտանիք։
«Նույնիսկ Ադրբեջանի ժողովուրդը իրավունքներ չունի, եթե նույնիսկ հայերի մասին չխոսենք։ Ինչպե՞ս եք պատկերացնում ազգային փոքրամասնության համար որևէ իրավունք կամ պաշտպանություն ստանալու հնարավորությունը: Մենք ոչ մի նման հնարավորություն չենք տեսնում»,- ասել է պետնախարարը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում վեց շաբաթ մնացած երեխաները Արցախ վերադառնալիս հոգեբանական ճնշման են ենթարկվել ադրբեջանցիների կողմից, նրանց տեղափոխող մեքենան կանգնեցրել և ստուգել են։
Վարդանյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է բանակցությունների ադրբեջանական կողմի հետ այն տրամաբանությամբ, որ դրանք կլինեն «բանակցություններ երկու կողմի համար»:
«Մենք առաջին իսկ օրվանից ասում ենք, որ հասկանում ենք, որ կողք կողքի ենք ապրում, բայց մենք առանձին տարածք ենք լինելու, առանձին պետություն, առանձին օրենքներ են գործելու, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք: Մենք ունեցել ենք ընտրված չորս նախագահ: Մենք ինքներս մեզ չենք տեսնում որպես Ադրբեջանի մաս, բայց մենք հարգում ենք այն փաստը, որ ապրում ենք նույն տարածաշրջանում, և պետք է գտնենք մի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,-ասել է նա:
«Չնայած Ադրբեջանի բոլոր շահարկումներին, պատմությունն ավարտված չէ: Մենք հավատում ենք, որ մենք ունենք անկախության իրավունք, մեր հայրենիքում ապրելու իրավունք: Արցախում ապրող մարդիկ հասկանում են այն դժվարությունները, որոնք մենք այսօր բախվում ենք, բայց պատրաստ ենք մնալ և պաշտպանել մեր տունը»,- հավելել է Ռուբեն Վարդանյանը:
Նա հերքել է Արցախի Հանրապետության և Հայաստանի միջև առկա տարաձայնությունների մասին պնդումները։ «Հանրապետության թիվ մեկ մարդը՝ նախագահը, մշտապես կապի մեջ է վարչապետի [Նիկոլ Փաշինյանի] հետ։ Այդ պատճառով ես չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում։ Սրանք ենթադրություններ են, որոնց, կարծում եմ, իմաստ չունի անդրադառնալ մեր զրույցի ընթացքում»,- ասել է Վարդանյանը։




