
ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին անդրադարձել էր Լաչինի հարցով Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների օրերս կայացած հանդիպմանը և հույս հայտնել, որ շրջափակման հարցն առաջիկայում կլուծվի։ Ավելի ուշ՝ ԱՀ ԱԽ-ի ընդլանված նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ հունվարի 15-ին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ հաղորդակցություն է կազմակերպվել։ Բայց Արցախի նախագահը նաև շեշտել էր, որ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Այս համատեքստում նախօրեին լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանականը 5 նախապայման է առաջ քաշել։
Արցախում ուշի ուշով հետևում են բոլոր զարգացումներին։ Լավրովի հայտարարությունից հետո Արցախից հաստատեցին, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է, շեշտելով, սակայն, որ պայմանավորվածություններ չկան։ Չի նշվում նաև, թե կոնկրետ ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը։
Թե ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի արտգործնախարարի լավատեսությունը, Արցախում դժվարանում են ասել։ Միջանցքի ապաշրջափակման հետ կապված Լավրովի հայտարարությունը ոչ թե լավատեսություն է, այլ պարզապես վկայություն իրավիճակին չտիրապետելու մասին՝ «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնում արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։ Իր կարծիքը հիմնավորելու համար քաղաքագետը նույնիսկ նախադեպեր է հիշեցնում.
«Ռուսական կողմը, տարբեր դեպքերի ժամանակ՝ սկսած Քարագլխի դեպքերից, տարբեր տեղեկատվություններ են հրապարակել, որոնք իրականությանը չեն համապատասխանել։ Փաստորեն, տեսնում ենք, որ սա ոչ թե ավելի շատ խոսում է լավատեսության, այլ պարզապես իրավիճակին չտիրապետելու մասին»։
Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը, քաղաքագետը նկատում է, որ որևէ դրական արդյունք այդ հանդիպումը չի ապահովել։
«Դրա վառ ապացույցը հենց դրանից անմիջապես հետո Արցախի գազամատակարարման անջատումն էր Ադրբեջանի կողմից։ Այս առումով, պետք է հասկանանք, որ գործ ունենք պարզապես իրավիճակին չտիրապետելու հանգամանքի հետ»։
Այն, որ Ռուսաստանի արտգործնախարարը նման հայտարարություն է անում, իսկապես, շատ կարևոր է, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը.
«Երբ որ խոսվում է, որ քննարկվում է Լաչինի միջանցքի բացումը և, որ պետք է նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա այդ ամեն ինչը իրականացվի, դա շատ կարևոր է։ Նշանակում է, որ ՌԴ-ն աշխատում է այդ ուղղությամբ։ Իսկ ՌԴ-ն ունի ամենամեծ լծակները և ամենամեծ հնարավորությունները, այդ թվում՝ նաև իրավական պատասխանատվություն նույն Լաչինի միջանցքի վերաբերյալ»։
Հայտարարությունը կարևոր ենք համարում և ակնկալում ենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի՝ հավելում է Բաբայանը։ Լրատվամիջոցներում նախօրեին տեղեկություններ էին շրջանառվում, որ միջանցքի բացման համար Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել Արցախին։
Դավիթ Բաբայանը չցանկացավ մեկնաբանել այդ լուրերը, քանի որ դրանք պաշտոնական չեն։ Ինչ վերաբերում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներին՝ ուզենք, թե չուզենք, դա անխուսափելի է, ասում է Արցախի նախագահի խորհրդականը.
«Իրավիճակն է այնպիսին, որ մենք պարտավորված ենք որոշ շփումներ իրականացնել, որովհետև առանց դրա հնարավոր չէ։ Իհարկե, դա պետք է լինի ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որ նաև հետագայում շահարկումների չենթարկվի։ Որովհետև Ադրբեջանը կարող է մի բան ասել՝ իրականությանը կհամապատասխանի, թե՝ չի համապատասխանի ու բոլորը կսկսեն շահարկել։ Հետևաբար որոշ շփումներ անհրաժեշտ են։ Այլ հարց է, որ բանակցային գործընթաց չկա։ Վերսկսելու համար էլ կամք է պետք, առաջին հերթին, Ադրբեջանի կողմից»։
Արցախը երբեք չի ասել, որ պատրաստ չէ բանակցել, բայց ինչ բանակցել, երբ Ադրբեջանն ու Արցախը տարբեր բաներ են պատկերացնում դրա տակ ու դժվար թե այստեղ ընդհանուր հայտարարի գան տեսանելի ապագայում՝ հավելում է Դավիթ Բաբայանը․
«Ադրբեջանը փորձում է Արցախը նորից բռնագրավել, դարձնել իր մասը, իսկ դա տեղի չի ունենա։ Իսկ այլ ձևով բանակցել և ճանաչել մեր ինքնորոշման իրավունքը և ինքնորոշման իրավունքի իրականացման փաստը, նա պատրաստ չէ և պատրաստ չի լինելու տեսանելի ապագայում։ Հետևաբար պետք է համբերությամբ լցվենք, այս սթրեսից դուրս գանք, թեպետ հիմա շատ ավելի ծանր են պայմանները»։
Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նկատում է, որ առաջադրված պայմաններ ի սկզբանե են եղել, բայց պետք է հասկանալ, թե որո՞նք են Ադրբեջանի իրական նպատակները։
«Նախապայմանը մեկը չի եղել։ Եղել են նախապայմաններ և մենք նույնիսկ չունենք որևէ վստահություն, որ ինչ-որ մի նախապայմանի հետ, այսպես ասեմ, կոմպրոմիսի գնալու դեպքում, նրանց կողմից չի առաջանա մի շարք այլ նախապայմաններ։ Այս առումով, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի առաջնահերթ նպատակը՝ կապված Արցախի հետ, հենց Արցախում նախ՝ մասնակի, ապա նաև տոտալ վերահսկողություն սահմանելն է»։
Այսինքն, էկոլոգիական պատրվակով մուտք գործել Արցախի տարածք, ու ապա այնտեղ նմանօրինակ տարբերակով այլ ուղղություններով գործել՝ նշում է քաղաքագետը։ Ի դեպ՝ նկատենք, որ խոսելով շրջափակման պատճառների մասին, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այսպես կոչված էկոակտիվների մասին ոչ մի խոսք չէր ասել։




