
Անվտանգային խնդիրներին զուգահեռ արդեն մոտ 40 օր է Ադրբեջանը կեղծ բնապահպանական օրակարգով լուրջ տնտեսական ու սոցիալական խնդիրներ է ստեղծել Արցախի 120 հազար քաղաքացիների համար։ Նրանք զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից, սննդից, առաջին բուժօգնություն ստանալու տարրական հնարավորությունից։ Ձեռնարկությունների մի մասը հարկադրաբար կասեցրել է իր աշխատանքը։ Արդեն երեք հազարից ավելի աշխատատեղ է փակվել։ Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ստեղծված սոցիալ–տնտեսական իրավիճակը մեղմելու ուղիներ գտնելու նպատակով։
Առաջին անհրաժեշտության ապրանքների կտրոնների տրամադրում, չորս ժամ և ավելի հովհարային անջատումներ, մեկ օրվա ընթացքում գազամատակարարման կրկնակի խափանում, դատարկ խանութներ։ Արցախն արդեն շուրջ 40 օր շրջափակման մեջ է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․
«Իրավիճակը բավականին բարդ է, թե տարբեր ապրանքների սղության, և թե սոցիալ–հոգեբանական տեսանկյունից։ Որքան շրջափակումը ձգձգվում է, այնքան նաև սոցիալական լարումն է հասարակության մեջ ավելանում»։
Արցախում հունվարի 20-ից կոնկրետ սննդատեսակների համար կդադարեցվի ազատ վաճառքը։ Կտրոնների տրամադրումն արդեն սկսված է։ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գոհար Պողոսյան․

«Այդ սննդատեսակներն են բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը: Նշված տեսակների համար կգործի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որի դեպքում անձը կտրոնը ստանալուց հետո կարող է դիմել համապատասխան տնտեսվարող սուբյեկտին և կտրոնում նշված չափով ու նշված ժամկետներում ձեռքբերել ապրանքը»:
Կտրոնը ստանալու համար քաղաքացին անձնագրով կարող է մոտենալ տեղամաս և սպասարկող օպերատորին: Օպերատորները համապատասխան էլեկտրոնային հարթակում կստուգեն տվյալները, ու եթե անձի տվյալներով կտրոն ստացող չի եղել, կտրամադրեն այն:
Յուրաքանչյուր քաղաքացու համար նախատեսված է 9 կտրոն: Արցախում շեշտում են կտրոնը հումանիտար օգնություն չէ։ Գեղամ Ստեփանյանը կտրոնների տրամադրումը ստեղծված իրավիճակում որոշակի լուծում համարում է, բայց և նկատում է․
«21–րդ դարում մարդկանց նման տառապանքների ու տանջանքների ենթարկելը միանշանակ ահաբեկչություն է, հանցագործություն է մարդկության դեմ։ Կտրոնային համակարգը ճիշտ կիրառվելու դեպքում կօգնի, որպեսզի առկա ռեսուրսները հավասարաչափ բաշխվեն»։
Կտրոններ տրամադրելու գործընթացը, սակայն, ամբողջ օրվա ընթացքում չի կատարվում։ Հովհարային անջատումներով պայմանավորված՝ սպասարկման մի քանի կետեր ժամը 14-16–ն ընկած ժամանակահատվածում չեն սպասարկել։
Արցախում արդեն խանութները դատարկ են, հերթեր են առաջանում։ Շատ հաճախ առևտրի կետերից դատարկաձեռն են վերադառնում տուն՝ փաստում են «Ռադիոլուրի» զրուցակիցները․
«Խանութներում ոչ մի սնունդ էլ չկա։ Ես աշխատանքից վեցից հետո եմ կարողանում խանութ մտնել։ Իսկ ապրանքը մի քանի բան, ստանում են կեսօրին։ Հերթ չենք կարողանում կանգնել, քանի որ այդ ժամին աշխատանքի ենք լինում։ Խանութում ներկա պահին մի երկու անձեռոցիկ է, խմիչք՝ հիմնականում ու մի երկու սթից բան»։
Հունվարի 9-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս վերացնել վթարն ու վերականգնել էլեկտրամատակարարումը: Ձմռան պայմաններում Արցախի բնակչությունը փաստացի զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։
Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Ադրբեջանը պարբերաբար խափանում է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: «Արցախգազ» ընկերությունից հայտնում են, որ օգտագործում են խողովակներում առկա գազը։




