
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտել է սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը։
Եվրախորհրդարանը արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման 2022 թվականի զեկույցներում նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հրադադարի խախտում է և լուրջ հետևանքներ է թողնում խաղաղ գործընթացի վրա։
Խորհրդարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ, վերահաստատել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի և ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը՝ ավելի ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործընթացում։ .
Կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին, խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, որը խախտում է 2020թ.–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և սպառնում է կանխամտածված հումանիտար ճգնաժամ առաջացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։
Խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ հիշեցնելով, որ միայն դիվանագիտական միջոցները արդար և կայուն լուծում կտան հակամարտությանը, որը օգուտ կբերի Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը։




