
էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, Էջմիածին քաղաքի բարեկամ Ֆուկուշիմա Մասանորիին։
Կողմերը քննարկել են բազմամյա հարաբերությունները սերտացնելու, առավել մեծ ոլորտային ընդգրկվածությամբ համագործակցություն ծավալելու հնարավորությունները:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի, իրեն «Էջմիածին քաղաքի բարեկամ» կոչում շնորհելու համար, պատրաստակամություն հայտնել շարունակել հայանպաստ գործունեությունը նաեւ պաշտոնավարման ավարտից հետո։

«Հայաստանը կարեւոր գործընկեր երկիր է Ճապոնիայի համար։ Ցավոք, երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժը չի իրացվում ողջ ծավալով։ Ճապոնիայիում շատ քիչ մարդ գիտի Հայաստանի եւ Էջմիածնի մասին, երկրները չունեն քույր քաղաքներ, պետք է աշխատանքներ կատարել այս ուղղությամբ եւս»,- նշել է դեսպանը։
Համայնքի ղեկավարը կրկին շնորհակալություն է հայտնել դեսպանին թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի վերանորգման գործում ցուցաբերած աջակցության համար, շեշտել, որ ի դեմս Ճապոնիայի՝ Հայաստանն ունի վստահելի եւ ամուր ընկեր երկիր, եւ դեսպանատան կատարած աշխատանքը արժանի է միայն երախտագիտության։
«Ճապոնիան եւ Հայաստանը հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրներ են։ Էջմիածնի քույր քաղաքները, սովորաբար, հայաշատ քաղաքներն են, այս համագործակցությունը կարող է լինել նախադեպ. Ճապոնիայում հայկական համայնքը սակավամարդ է, եւ հուշագիր կարող է կնքվել Ճապոնիայի որեւէ քաղաքի հետ, որը հարուստ է մշակութային ժառանգությամբ»։
Հանդիպմանը խոսվել է նաեւ դեսպանության կողմից Հայաստանում իրագործվող այլ ծրագրերի, հեռանկարների, Ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնի մասին։
Հանդիպման ավարտին դեսպանը համայնքի ղեկավարին է փոխանցել փոքրիկ հուշանվեր։




