
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հանդիպել է «հայ-ֆրանսիական հարաբերությունների դեսպանների» հետ։ Այսպես են իրենց անվանում Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանողները, որոնք իրենց բուհում հյուրընկալել էին բարձրաստիճան պաշտոնյային։ Հայաստանին ուղղված բարոյական աջակցությունից մինչև կանանց իրավունքների պաշտպանություն, հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունից մինչև բուհի տեխնիկական վերազինում․ Ֆրանսիայի ԱԺ նախագահին հայ ուսանողները տարաբնույթ հարցեր ունեին։
«Ես Մարիամ Թորոսյանն եմ, սոցիալական ձեռնարկատեր։ Ստեղծել եմ կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարող “Safe You” հավելվածը։ Այն հնարավորութուն է տալիս արագ օգնություն ցուցաբերել բռնության ենթարկվող կանանց։“Safe You”-ն արդեն կյանքեր է փրկում, և սա մեր գրանցած լավագույն արդյունքն է։ Այս պահին ունենք 25 000 օգտատերեր, 14 000 կին է մեզ դիմել բռնության տարբեր դեպքերով»։
Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Մարիամը Յաել Բրաուն-Պիվեին է ներկայացնում հավելվածի հաջողությունները, միջազգային ընդլայնումը և նշում՝ Ֆրանսիայում պիլոտային տարբերակով հավելվածը կիրառելուն ուղղված քայլեր արդեն արվում են։ Արձագանքը ոգևորող է, համագործակցության մեկնված ձեռքը՝ սեղմելու պատրաստ։
«Հրաշալի է տեսնել ձեր գործը, տեսնել, թե ինչքան կամքի ուժ ունեք և գիտեք, թե ուր եք ուզում գնալ։ Մենք, փաստորեն, ունենք կնոջ կողմից ստեղծված նախաձեռնություն՝ կանանց համար, որը միջազգային է դառնում։ Տիկին ռեկտոր, եթե Ձեր բոլոր ուսանողներն են այսպիսին, ապա կարող եք հպարտանալ»։

Ուսանողներն անձնական հետաքրքրությունը բավարարելուց զատ նաև պետական-քաղաքական հարցեր են բարձրացնում։ Ուսանողներից մեկը ներկայացնում է Արցախում տիրող իրավիճակը, ասում է՝ Հայաստանն ու Արցախը պայքարելու ու փորձությանը դիմադրելու կամք ունեն, սակայն աջակցության կարիք՝ ևս։ Նրան հետաքրքրում է՝ Ֆրանսիայի աջակցությունը միայն բարոյակա՞ն է լինելու։
«Մենք չենք ակնկալում միայն բարոյական աջակցություն, մենք ուզում ենք հասկանալ՝ Ֆրանսիան և Եվրոպան կարո՞ղ են օգնության ձեռք մեկնել Արցախին»։
Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ղեկավարն ի պատասխան ևս մեկ անգամ հաստատում է աջակցությունը շարունակելու իր երկրի պատրաստակամությունը։ Ասում է՝ բարոյական օժանդակությունը պետք չէ թերագնահատել, բայց նաև ընդունում է՝ այն իսկապես բավարար չէ։
«Դա է պատճառը, որ Ֆրանսիայի նախագահն ու ԱԺ-ի ներկայացուցիչները բազմապատկում են ջանքերը, որ հասնեն միջազգային իրավունքի գերակայությանը, միջանքի ապաշրջափակմանը, որ մարդիկ նորից կարողանան ազատ տեղաշարժվել։ Միջազգային իրավունքի վերականգնմանն ուղղված այդ ջանքերը երևում են Ֆրանսիայի գործողություններում։ Տեսնում ենք, թե որքան բարդ է իրավիճակը, և միայն բառերով չէ, որ ձեր կողքին ենք, ու չենք դադարելու ջանքեր գործադրել, որ դուք ապրեք խաղաղությամբ»,- ասում է Յաել Բրաուն-Պիվեն։
Ուսանողներին հետաքրքրում է նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը։ Բարձրաստիճան հյուրերը նշում են՝ համագործակցությունն այս դաշտում զարգացման ավելի մեծ ներուժ ունի։ Երկկողմ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լուրջ երկխոսություն պետական մակարդակում և նախաձեռնողականություն մասնավոր հատվածում։




