ԿարևորՀասարակություն

Հարկային եկամուտների նվազում, աշխատատեղերի կրճատում, դադարեցված  գյուղաշխատանքներ․ մեկ ամիս շրջափակման մեջ

Մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում  հումանիտար իրավիճակը գնալով սրվում է։ 2023թ․ պետբյուջեով, որը մինչև շրջափակումն էր հաստատվել,  նախատեսվում էր 50 մլրդ դրամ եկամուտ ունենալ, բայց արդեն ակնհայտ է, որ հնարավոր չէ ապահովել այս ցուցանիշը ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախում 1000-ից ավելի աշխատատեղեր են կրճատվել, փակվել են բիզնեսներ,  խնդիրները սուր են նաև առողջապահության ու կրթության ոլորտում։  Արցախն առաջիկա օրերին կանցնի առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման կտրոնային համակարգի։

Հովհարային անջատումներ, սննդի ու վառելիքի պակաս, դատարկ խանութներ, դադարեցված պլանային վիրահատություններ․ Արցախում իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է սրվում։ Արդեն մեկ ամիս Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս ընթացքում Արցախից Հայաստան է տեղափոխվել 16  հիվանդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանն ընդգծում է՝ դեղորայքի խնդիրը սուր է, քիմիաթերապիա կամ բժշկական այլ կուրսեր անցնող հիվանդները չեն կարողանում բուժօգնություն ստանալ։ Արցախցի 10–ից ավելի բժիշկներ էլ  մնացել են Հայաստանում և  չեն կարողանում վերադառնալ։ Ուստի՝ Արցախում նաև բժշկական կադրերի պակաս կա։

«93 երեխա  ունենք բրոնխիալ ասթմայով, 66 երեխա՝ պարբերական հիվանդությամբ։ 88 երեխա տառապում է էպիլեպսիայով,  16–ը՝ շաքարային դիաբետով,  847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով։ Փաստորեն՝ այս երեխաները 2022թ դեկտեմբերի 12–ից հետո զրկված են ՀՀ մեկնելու և բուժում ստանալու հնարավորությունից»։

Արցախում նոր խնդիրներ է ստեղծել  հոսանքի մատակարարման խափանումը։ Հունվարի 9-ից վթարված է Հայաստանից Արցախ գնացող էլեկտրասնուցման գիծը։  Հայաստանի վարչապետի խոսքով՝ մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ  ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ էլ խաղաղապահներին։

«Լեռնային Ղարաբաղին էներգիայի մատակարարման խափանումը նոր պրոբլեմներ է ստեղծել, սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում»։

44-օրյա պատերազմից հետո փոխվել էր Արցախի տնտեսության կառուցվածքը։ Ծախսերի մեծ մասն արդեն իսկ ուղղված էր ճգնաժամային խնդիրների լուծմանը: Հիմա շրջափակումն ու  ստեղծված իրավիճակն ավելի լուրջ ֆինանսական, տնտեսական մարտահրավերների առաջ են կանգնեցրել:

Այս տարվա պետբյուջեով ակնկալվում էր  50 մլրդ դրամի եկամուտ ստանալ, բայց շրջափակման առաջին օրվանից ակնհայտ է, որ հնարավոր չէ ապահովել այս մակարդակը՝ արձանագրում է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

«Այս մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ , բազմաթիվ ոլորտներ հնարավորություն չունեն աշխատելու։ Սա ոչ միայն  հարկային եկամուտների, այլ նաև աշխատատեղերի էական նվազեցում է առաջացնելու։  Այս պահին, ցավոք, պետք է արձանագրենք, որ հազարից ավելի աշխատատեղերի կրճատում, բիզնեսի փակում է  տեղի ունենում։ 2023–ի պետական բյուջեն էականորեն իր կառուցվածքը փոխելու է, բայց 1/3–ը բաժին է ընկնում սոցիալական ծախսերին»։

Արցախի Հանրապետությունում  խնդիրների շարքում նաև կանխիկի  հետ կապված հարցերն են։ Օպերատիվ շտաբում որոշել են, որ բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով: Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի բոլոր բանկերի քարտերի համար: Որոշման հիմքում այն իրողությունն է, որ բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը:  

ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի խոսքով՝ այս պահին դիզվառելիքի բացակայության պատճառով դադարեցված են գյուղատնտեսական բոլոր աշխատանքները։

Հանրապետությունում նկատելի է բոլոր տեսակի ապրանքների պակաս։ Արցախում հատկապես մրգի ու բանջարեղենի պակասն, ըստ նախարարի,  ունի  իր բացատրությունը։             

«Չմոռանանք, որ բազմաթիվ տարածքներ անցել են  թշնամու վերահսկողության  տակ։ Որոշ գյուղեր կան, որ ունեն, բայց դա չի կարողանում բավարարել 120 հազար արցախցու պահանջարկը»։

Ստեղծված իրավիճակում խնդիրը հնարավոր է լուծել օդային միջանցքի միջոցով։ Հարցն արդեն մեկ ամիս  Արցախի իշխանությունները բարձրացնում են։  Թե որքանով  է իրատեսական այս հնարավորությունը, Արցախի պետնախարարն է պարզաբանում։

«Այսօրվա դրությամբ և ճանապարհը, և օդային կամուրջը պետք է ապահովեն մեր ապրելու իրավունքը։ 2020թ նոյեմբերի 9–ից հետո իրավիճակն այնպիսին է, որ մենք ամեն կողմից շրջափակված ենք։ Այն ճանապարհը, որի մի մասը անցնում է Ադրբեջանով, կարող է միշտ վթարված լինել»։

Լաչինի միջանցքի փակ լինելով պայմանավորված ՝ մի քանի հարյուր արցախցի  արդեն մեկ ամիս չի կարողանում իր տուն վերադառնալ։   Հայաստանի կառավարությունը որոշել է 115 միլիոն դրամ հատկացնել միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի 506 քաղաքացիների կեցություն ապահովելու նպատակով: Արցախցիները հյուրընկալվել են Երևանի և Գորիսի 17 հյուրանոցներում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։

Կարդացեք նաև

Back to top button