ԿարևորՔաղաքական

Ընդդիմությունը փորձում է «գազային» խորհրդարանական հանձնաժողով ստեղծել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր արտահերթ ընթացակարգով քննարկել է պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ նստաշրջանի և քառօրյաի օրակարգ ընդգրկված որոշման նախագիծը: ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցություններն առաջարկում են  գազամատակարարման ոլորտում  2011 թվականից պետական պարտքի   և գազի գնի ձևավորումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Որպես հիմնական զեկուցող հարցը խորհրդարանում ներկայացրել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հորդորել է խորհրդարանական մեծամասնությանը պաշտպանել փոքրամասնության նախաձեռնությունը և բացել գազային պատմության խորհրդավորության քողը:

2011 թվականի ապրիլից ՌԴ-ից ՀՀ ներմուծված գազի դիմաց ձեւավորված պարտքը, դրա առաջացումը, մարման հիմնավորվածությունն ու օրինականությունը խիստ վիճարկելի է. այսպես են հիմնավորել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի ներկայացուցիչները: Որոշման նախագծի տակ «Ժառանգությունից» Թևան Պողոսյանի, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանի և  ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանի ստորագրություններն են: 

Որպես հիմնական զեկուցող հարցը ԱԺ ամբիոնից ներկայացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա ձևակերպմամբ ՝ գազային համաձայնագրերը խորհրդավորության շղարշից հանելու կարիք ունեն և սա հարց է, որն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և ամբողջ հասրակության շահերին: «Սա հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր, ամենագաղտնի գործարնք է: Եվ չբացահայտել սա, ուղղակի ամոթ է: Սա բոլորիս շահագրգռվածության խնդիրն է»:

Ժամանակավոր հանձնաժողովի խնդիրը, ըստ նախագծի, Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող գազի դիմաց 2011 թվականից ձեւավորված պետական պարտքի հիմնավորվածությունը, չափը եւ դրա մարման օրինականությունն ուսումնասիրելն է, ինչը անելու համար  հանձնաժողովը  պետք է իրավունք ունենա հարցումներով դիմել  պետական մարմիններին,  ստանալ  անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը, հրավիրել պաշտոնատար անձանց, ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

Առաջարկվում է  հանձնաժողովի կազմում ընդգրկել   մեկական պատգամավոր բոլոր խմբակցություններից և դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից: Ու, վերջապես, հեղինակները նախատեսում են, որ ժամանակավոր հանձնաժողովը ուսումնասիրությունը կկարողանա ավարտել եռամսյա ժամկետում և  մինչեւ 2014 թվականի մայիսի 22-ը եզրակացություն կներկայացնի Ազգային ժողովին:

«Ես ուզում եմ, որ հանձնաժողովը նայի բոլոր այն փաստաթղթերը, որոնք կառավարությունը թաքցնում է մեզանից: Այլ քաղաքական մեծ եզարակացություններ չեմ ուզում անել, որպեսզի Հանրապետականը չտորպեդահարի, չբոյկոտի այս հանձնաժողովի ստեղծումը: Ես առաջարկում եմ, որ հանձնաժողովը զուտ մասնագիտական, իրավաբանական կողմի վրա հենվելով, այն 23 պայմանագրերն ուսումնասիրելով՝ կազմի մասնագիտական եզրակացություն և փորձի հասկանալ՝  ինչպես է ձևավորվել այդ 300 մլն պարտքը,  գազի գինը սահմանի վրա և քաղաքացու համար»:

Եկեք բացահայտենք այս ամենը, բացենք խորհրդավորության քողը ՝ դիմելով մեծամասնությանն ասաց ընդդիմության ներկայացուցիչը: Նույն կոչը ՝ պաշտանել հանձանժողով ստեղծելու գաղափարը և կողմ քվեարկել առաջարկին, արեցին նաև  նախագիծը նախաձեռնած 4 ուժերի՝ ԱԺ ամբիոնին ելույթի համար մոտեցած պատգամավորները:

Մեծամասնությանը սակայն այլ հարց էր հետաքրքում: Ինչո՞ւ գաղափարը  նախապես չեք քննարկել կոալիցիոն ուժերի հետ, հետաքրքրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նկատեց. «Իմ կարծիքով՝ դուք էլ եք զգում, որ ճիշտ չեք արել, որ չեք դիմել: Այն ժամանակ ակնկալիք կունենայիք, որ կընդունվեր: Իսկ հիմա բերել եք մի նախագիծ, որը չեք համաձայնեցրել երկու ուժերի հետ:  Ճիշտ էր ի սկզբանե աշխատելը, քննարկելը երկու խմբակցությունների հետ»:

Կստեղծվի՞ խորհրդարանական գազային հանձնաժողովը թե ոչ՝  պարզ կդառնա վաղը կայանլիք  քվերակության արդյունքում:

Back to top button