
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական դադարից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, որը վերջին տարիներին համավարակի և պատերազմի պատճառով վերածվել էր լրագրողների հետ հեռավար հարցուպատասխանի: Շուրջ 4 ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում մի քանի տասնյակ հարցեր են հնչել, անդրադարձ է եղել հրատապ գրեթե բոլոր թեմաներին՝ Լաչինի փակ միջանցքից մինչև ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններ ու Արցախի անվտանգության երաշխավորում։ Վարչապետը մի քանի «բանալի» բառեր ու ձևակերպումներ է օգտագործել, որոնցից կարելի է ենթադրել, թե ինչ ռազմավարություն է որդեգրել կառավարությունը ընթացիկ քաղաքական խնդիրները լուծելու համար:
Վերջին օրերին ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակում, թե Լաչինի միջանցքի բացման հարցով Երևանը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային. մինչև հունվարի 10-ը միջանցքը չբացելու դեպքում դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից: Այն, որ ՀԱՊԿ-ից հիասթափություն կա, վարչապետը չի հերքում, բայց Հայաստանի ասելիքն այլ կերպ է ձևակերպում.
«Չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք: Այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով՝ ավելացնելու ոչինչ չկա: Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»:
Ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի կիրառած բանալի ձևակերպումներից առաջինը առնչվում է ՀԱՊԿ-ին: «Կառույցի վրա հույս դնում ենք, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել»,- հայտարարում է Փաշինյանը:
ՀԱՊԿ-ից հիասթափվելու դրսևորումները բերեցին նախ երևանյան գագաթնաժողովին փաստաթղթի չստորագրմանը, իսկ այժմ արդեն Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժության չեղարկմանը: «Անխորտակելի եղբայրություն-2023» խորագրով համատեղ զորավարժություն անցկացնելու մասին այս տարվա սկզբին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ես կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա, որովհետև ՀՀ պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում համենայնդեպս այս տարի չեն կայանա»:
Կրեմլն արդեն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի ներկայացմամբ՝ Ռուսաստանը դեռ կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ։ Բայց Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ամեն դեպքում, Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը և իրենք կշարունակեն երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են: ՀԱՊԿ-ը դիտարկում է Հայաստանի փոխարեն կազմակերպության այլ անդամ երկրների տարածքում զորավարժություններ անցկացնելու հնարավորության վերաբերյալ առաջարկները։
Իրականում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու մերժումը ավելի խորքային զարգացումների հետ կարող է կապ ունենալ, որոնք առնչվում են Ադրբեջանի նոր խոսույթին, որն այդ պետությունը օգտագործում է Արևմուտքի հետ շփումներում:
«Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները՝ արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է, որ մտավախություններ ունեն, թե ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ: Բնականաբար, աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ Արևմուտքում հենց այդ խոսույթն է զարգացնում: ՌԴ մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ներկայությունը Հայաստանում ոչմիայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»:
«Չարձագանքման պայմաններ» ասելով՝ Հայաստանի վարչապետը նկատի ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անտեսումը ՀԱՊԿ–ի կողմից՝ չսահմանազատված սահմանների պատճառաբանությամբ: Որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի տարածքում՝ սա հարց է, որը դեռ սեղանին է, ասում է Փաշինյանը և հավելում՝ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը դեռ ոչ:
Նույն հարցը վերաբերում է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությանը։ Խոսքն արդեն Լաչինի միջանցքի մասին է:
Այս հարցում նույնպես հստակեցումներ են պետք, ըստ Փաշինյանի, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է:
«Այո, ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է ապոհովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: Միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն: Եթե պարզվի, որ ՌԴ-ն այդ պարտավորությունները չի կարողանում կատարել՝ օբյակտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին կա՛մ ՌԴ խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կա՛մ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ: Բազմազգ առաքելություն, որը կապահովի արդեն իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»:
Հայաստանի վարչապետը հստակեցրեց՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հարցում դեռ հետևություններ չեն անում, պարզապես փաստերն են հավաքում և մեծ ջանասիրությամբ շարունակում են աշխատել արևմտյան գործընկերների և կառույցների հետ:
Փաշինյանն իր ասուլիսում նաև տվեց այն բանաձևը, որով, իր պատկերացմամբ, պետք է առաջնորդվեն հայկական կողմերը ԼՂ-ի խնդրում: Սա էլ հերթական բանալի ձևակերպումն է. «ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրը. Դա պիտի որոշի ԼՂ բնակչությունը՝ Ադրբեջանի հետ»:
Մոտեցումը ձևակերպվել է՝ կրկին հաշվի առնելով վտանգները: Պնդում է, որ Լաչինի միջանցքում կիրառվում է սադրանք՝ ավելի մեծ սադրանքի հասնելու համար, հետևաբար՝ հայկական կողմերին մնում են բացառապես աշխարհի համար լեգիտիմ համարվող քայլերը:
«Ինչպես վերջերս պարզվեց և պարզվեց, որ այդ հարցում կա բավականին լայն կոնսենսուս, մենք առաջնային ենք համարում այսօր ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ ԼՂ ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի այդ բոլոր թեմաների մասին: Որովհետև իրենք պետք է որոշումներ կայացնեն և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով: Մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն: Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովուրդը և ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ իրենց պետք է աջակցենք: Սա է մեր դիրքորոշումը»:
Փաշինյանը կարծում է, որ խաղաղության օրակարգը չի կարող շինծու լինել, բայց միաժամանակ նշում է այն կարմիր գիծը, որի առկայության դեպքում կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը: Ասում է՝ պայմանագիրը չի ստորագրվի, եթե այդ դրա տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին:




