
Հայաստանի վարչապետը կարևորում է Թուրքիայի՝ Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա հույս է հայտնել, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար կբացվի սահմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճանապարհների ապաշրջափակմանը Հայաստանն այսօր էլ կողմ է։ Ավելին, պատրաստ են իրագործել «Հայկական խաչմերուկի» տեսլականը։ Բայց խանագարող հանգամանք կա․ դա, ըստ վարչապետի՝ Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին:
Հայաստանում կարծում են, որ աշխարհում ու տարածաշրջանում միջազգային լոգիստիկ շղթաների փոփոխություն է տեղի ունենում։ Այս համատեսքստում վարչապետ Փաշիյանը կարևորում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը և հույս ունի, որ դա առաջիկայում կկայանա․
«Կարևոր է, որ հարաբերություններում դինամիկա ունենանք։ Հույս ունեմ, որ առաջիկայում սահմանը կբացվի նաև երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ակնկալում ենք դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի, հայ–թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով»։
Տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակումը նույնպես օրակարգում է։ Դա վերաբերում է և ավտոմոբիլային, և երկաթուղային ճանապարհներին։ Հարցը կարգավորվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով։ Վերջնարդյունքը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնում է։ Երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խումբը մի քանի նիստ է անցկացրել այս հարցով։
Թե երբ կհանդիպեն այս տարի, հայտնի չէ։ Բայց հստակ է, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին։ Վարչապետը սա մեկ անգամ ևս ընդգծում է։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է նաև նոր ճանապարհներ կառուցել․
«Ամենատարբեր երթուղիներն են քննարկվել, բոլոր հնարավոր երթուղիները քննարկվել են։ Մենք երբեք որեւէ երթուղի չենք մերժել։ Երթուղիների հետ կապված հարցն այն է, թե որքանով է այդտեղով հնարավոր, որ ճանապարհ անցնի։ Կան տեղեր, որտեղ օբյեկտիվորեն ճանապարհ կամ հնարավոր չի կառուցել կամ էլ շատ թանկ է»։
Ճանապարհը պետք է աշխատի Հայաստանի իրավական կարգավորումներով, եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով։ Հայկական կողմում պատրաստ են նաև երկաթուղու վերագործարկմանը․
«Եվս մեկ անգամ պետք է արձանագրեմ պատրաստակամությունը Երասխ–Սադարակ–Օրդուբադ– Մեղրի երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք, ու անկեղծ պիտի ասեմ, որ դրանում շահագրգռված ենք»։
Հայկական կողմում երկաթուղու վերագործարկման հաշվարկներն արդեն պատրաստ են։ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը «Ռադիոլուր»–ին փոխանցում է՝ ընդհանուր առմամբ երկաթուղու գործարկումը Հայաստանի համար մոտ 500 մլն դոլար կարժենա։ Երասխ — Նախիջևան հատվածի վերականգնումն ամենաէժանն է․
«Մեր հատվածը մոտ 5 մլն դոլար էր գնահատվել, Ադրբեջանի հատվածը՝ 6 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, ծախսելով 11 մլն դոլար, հնարավորություն է ստեղծվում երկաթուղային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Սյունիքում ծախսն ավելի շատ կլինի՝ Մեղրիի 45 կմ հատվածի վերականգնումը գնահատվել է 200–235 մլն դոլարին համարժեք դրամ։ Հրազդանից դեպի Իջևան, այնտեղից էլ Ղազախ ուղղությունը մոտավորապես կես մլրդ դոլարին համարժեք դրամ է գնահատվել։
Հայաստանի կառավարության ղեկավարը խոստովանում է՝ շահագրգռված են և ավտոճանապարհների բացմամբ, և նոր ճանապարհների կառուցմամբ։ Բայց այստեղ խանգարող հանգամանք կա․
«Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ որ միջանցքների մասին։ Մենք պատրաստ ենք իրագործել «Հայկական խաչմերուկի» մեր տեսլականը, բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում։ Դրանք կարելի է օգտագործել ՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության և ոչ թե հակառակը»։
Այս դեպքում Հյուսիս–Հարավ ավտոմոբիլային ու երկաթուղային բեռնափոխադումներն ավելի ակտիվ կլինեն՝ նկատում է վարչապետը, շեշտելով Հայաստանի ու Նախիջևանի՝ Ադրբեջանի տարածքով Իրան–Հայաստան, Իրան–Ադրբեջան, Իրան–Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերագործարկման անհրաժեշտությունը։ Հայաստանը պատրաստ է գնալ այս ուղղությամբ՝ վստահեցնում է Փաշինյանը՝ ընդգծելով տարաշածրջանում երկաթուղային հաղորդակցության ուղիների գործարկման կարևորությունը։




