Հասարակություն

Ռուսաստանը խստացրել է միգրացիոն օրենքները. ըստ աշխատանքային միգրանքների՝ բարձրանում են կոռուպցիոն ռիսկերը

 Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենքները։ Ըստ նոր՝ խստացված ընթացակարգերի օտարերկրյա քաղաքացիներն իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի քան 3 ամիս, որից հետո պետք է լքեն երկիրը: Վերադառնալու իրավունք կստանան միայն 3 ամիս հետո: Օրենքով նախատեսված այս պայմանները խախտելու դեպքում 3 -5 տարով  կզրկվեն Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Սակայն օրենքը նախատեսում է բացառություններ: 

90- օրյա ժամկետից ավելի Ռուսաստանում կարող են գտնվել այն անձինք, ովքեր իրենց գործատուի հետ կունենան աշխատանքային պայմանագիր:  Փաստաբան Լիլիթ Ներսեսյանը խորհուրդ տալիս ՀՀ քաղաքացիներին, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի, պարտադիր կնքեն պայմանագիր, որպեսզի համարվեն գրանցված աշխատող։ 

Սակայն մեկ տարի անց նրանք անպայման պետք է հատեն Ռուսատանի սահմանը եւ կկարողանան վերադառնալ միայն երեք ամիս անց։ Ամեն դեպքում՝ նույնիսկ աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում օտարերկրյա քաղաքացին մեկ տարուց ավելի Ռուսաստանի տարածքում գտնվելու իրավունք չունի: Սա վերաբերում է նաև օրենքով նախատեսված բարձր որակավորում ունեցող մասնագետներին։ «Առաջին կարգի մեջ մտնում են գիտակրթական ոլորտի աշխատողները, որոնք ամսական կստանան 1 մլն ռուբլի աշխատավարձ։ Երկրորդ կարգի մեջ են մտնում արտադրական ոլորտում նվազագույնը 700 հազար ռուբլի ամսական, աշխատավարձ ստացող անձինք: Եվ երրորդ կագի այլ ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, ովքեր ստանում են 2 եւ ավելի միլիոն ռուբլի աշխատավարձ»,- ասում է փաստաբանը։

Այս օրենքը, սակայն,  բացասական ազդեցություն կարող է ունենալ այն մարդկանց համար, ովքերի պարբերաբար  մեկնում են արտագնա աշխատանքի:  Գյումրեցի Վարդանը ամեն տարի կնոջ հետ մեկնում ՌԴ աշխատելու: Կինը այնտեղ առևտուր է անում, ինքն էլ աշխատում է շինարարության վրա։ Նրանք մեկնում են առանց աշխատանքային պայմանագրի։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեցին, որ խստացումներից հետո արտագնա աշխատանքի մեկնելը խիստ բարդանում  է։ Գործատուներից ոչ բոլորը կցանկանան պայմանագիր կնքել, քանի որ այդ դեպքում պետք է վճարեն  օրենքով նախատեսված եկամտահարկերը: Գյումրեցի ամուսիններն այս ամենի մեջ  կոռուպցիոն ռիսկեր են տեսնում  և նշում, որ «օրենքը ընդունում են, որ շուտ-շուտ փող աշխատեն,  երեք ամիսը մեկ տանես փող տաս, որպեսզի  երկարացնեն ժամկետդ»։

Նկատենք, որ այս օրենքը տարածվում է այն երկրների քաղաքացիների վրա, որոնք Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեն։ Հակառակ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորների հնչեցրած կարծիքներին՝ օրենքը բացառություն չի նախատեսում Մաքսային միության կամ ԱՊՀ անդամ երկրների համար: Իրավաբանի կարծիքով՝ խստացումներն ուղղված են նաև Սոչիի օլիմպիադայի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն։

Կարդացեք նաև

Back to top button