ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքը սրում է Երևան-Մոսկվա հարաբերությունները

Լաչինի միջանցքը սրում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Երևանն ավելի բաց հայտարարություններ է անում, Մոսկվան՝ ավելի սուր  արձագանքում դրանց:

Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը՝ կառավարության նիստում ասել է վարչապետը։ Նրա դիտարկմամբ՝ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում։ Այս զարգացումները,  վարչապետի խոսքով, հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության առնչությամբ։

Ուշագրավ է, որ Երևան-Մոսկվա հռետորաբանության կոշտացավ հատկապես սանկտպետերբուրգյան այցից հետո, որը Լաչինի ճգնաժամում որևէ փոփոխություն չգրանցեց: 

ԼՂ հայաթափման լուռ վկայի կեցվածքի համար Հայաստանի վարչապետը կառավարության նիստում, ըստ էության, մեղադրեց ռուս խաղաղապահ զորախմբին ու խոսեց նոր քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

«Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը: Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի Ադրբեջանի ներխուժելու առաջին դեպքը չէ»:

Փաշինյանը հիշեցնում է 2022-ի մարտին Փառուխի և 2020 թվականի դեկտեմբերին Խծաբերդի դեպքերը, որի հետևանքով Հայաստանի  շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերևարված:

«Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ՀՀ և ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ-ից»: 

Ստացվում է, որ սանկտպետերբուրգյան հանդիպումներից Փաշինյանը վերադարձել է առանց այդ հարցերի պատասխանները ստանալու, թեև հիմա էլ հաստատում է՝ պետք է շարունակել աշխատանքը ՌԴ գործընկերների հետ՝ իրավիճակի լարում թույլ չտալու համար: ՀՀ-ն ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը, հայտարարում է Փաշինյանը՝ միաժամանակ ակնկալելով նաև միջազգային հանրության աջակցությունը:  

«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում՝ այդ թվում ԼՂ-ում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պառճառներով չի կարողանում ապահովել կայությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»:

Պաշտոնական Մոսկվան մի քանի մակադակով արդեն արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին: Ըստ Կրեմլի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է երկու հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը միաժամանակ նշել է, որ իսկապես մտահոգված են այն լարվածությամբ, որը հիմա առաջացրել է Լաչինի միջանցքի շուրջ, և ռուսական կողմը շարունակելու է իր աշխատանքն ու ջանքերը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Հայաստանին անվանել է իրենց ամենամոտ դաշնակիցներից, Ադրբեջանին՝ արժեքավոր գործընկեր։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանանընդունելի է համարել ՌԴ խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում:

Դիվանագետի խոսքով՝ ոչ մի հանրային հարձակում գործին չի օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Դիվանագետը հավաստիացնում է՝ աշխատում են այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Բայց նաև հարցնում է՝ առանց ռուս խաղաղապահների իրավիճակը ավելի լա՞վ էր լինելու:

Հայաստանի վերլուծական դաշտում արդեն սկսել են խոսել այն մասին, որ ստեղծված ճգնաժամը արագացրել է այն պահը, երբ Հայաստանը պետք է ընտրություն կատարի: Բայց Փորձագետները կարծում են, որ սա ոչ թե լոկալ հարց է, այլ տարածաշրջանային խնդիր: Իրավիճակը այդպես են ընկալում, օրինակ, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանն ու քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը.

Հրաչյա Արզումանյան․ «Մեզ նորից հասցրել են այն կետին, որտեղ պետք է ընտրություն անենք՝ ի՞նչ ճանապարհով ենք գնում՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական: Հնարավոր չի Արցախի հարցը լուծել երկարաժամկետ մոտեցումների վրա, եթե չանես այդ ընտրությունը: Երկու ընտրության մեջ էլ Արցախի հարցն ունի իր լուծումները, բայց լրիվ տարբեր լուծումներ են: Մի լուծումը, որը Ռուսաստանն ու Թուրքիան մեզ պարտադրում են հիմա, և կան ուրիշ լուծումներ»:

Ռոբերտ Ղևոնդյան․ «Այստեղ ակնհայտ է դառնում առաջին հերթին ռուս-ադրբեջանական համատեղ խաղը, որովհետև միջանցքի տրամաբանությունը, մենք արդեն փաստերով գիտենք, նաև հայ պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների վրա կարող ենք հիմնվել, հետաքրքրում է և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին: Զանգեզուրյան միջանցքի մասին եմ ես խոսում: Բազմաթիվ գործոնների հաշվառումով պետք է նշենք, որ Հայաստանը «3+3», Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան և նման այլ ձևաչափերով այդ խնդիրը լուծել ի վիճակի չէ»:

Իրավիճակը, ըստ Ղևոնդյանի, ամեն դեպքում, հայկական կողմի համար հնարավորություն է բացել միջազգաին հանրությանը բացատրելու, փաստարկելու և ապացուցելու, որ Արցախն Ադրբեջանի կազմում ուղղակի գոյատևել չի կարող:

Քաղաքական վերլուծաբան Էմիլ Օրդուխանյանն այս փուլում ձեռքբերում է համարում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հարցի տեղափոխումն ապացուցեց՝ քննարկմանը մասնակից պետությունների մեծամասնության կողմից ԼՂ եզրույթի օգտագործումը արդեն իսկ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից քարոզվող մոտեցումը միջազգային հանրությունը չի կիսում: Վերլուծաբանը կարևոր է համարում, որ Հայաստանը փոխի աշխատանքի մարտավարությունը: Տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ կիրառում է հիբրիդային պատերազմի տարրեր։ Լաչինի միջանցքի փակումն այդ համատեքստում է, ինչպես նաև Սև լճերի, Իշխանասարի, Ջերմուկի և այլ տարածքներ պարբերաբար ներխուժման փորձերը: Հետևաբար՝ այլ քայլերի անհրաժեշտություն կա՝ ասում է Օսրդուխանյանը.

«Երկարատև շնչառության հիբրիդային պատերազմի մի նոր գործիք է կիրառում մեր նկատմամբ Ադրբեջանը, և մենք փորձում ենք հակազդել, հակազդել, հակազդել: Եթե մենք սպասարկելու ենք բացառապես այն օրակարգը, որն ինքն է թելադրում, մենք միշտ լինելու ենք հետնապահի դիրքում: Այսինքն՝ երկրորդ համարով ենք աշխատելու: Հետևապես, սրան զուգահեռ մենք պետք է կարողանանք կանխարգեիչ գործիքներ մշակել: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի, որ Հայաստանը կարողանա եվրոպական դիտորդների առաքելության տեղակայումները Հայաստանում վերածել մշտականի: Այսինքն՝ մեզ պետք է միջազգային ներգրավում, որը կկարողանա զսպել այն հիբրիդային գործիքների կիրառությունը, որը Ադրբեջանը՝ մի սցենարից մյուսը փոփոխելով կարող է իրականացնել: Սա է այս պարագայում առաջնահերթությունը, որովհետև մյուս հմտությունների զարգացումը շատ երկարատև են: Այսինքն՝ մենք մի միջանկյալ լուծում պետք է գտնենք և այն օգտագործենք»:

ԼՂ-ում ստեղծված ճգնաժամին անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները նա համարել է Հայաստանի համար «անկեղծության թեստ»՝ Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի շահագործումը դիտարկելով իբրև թե «Ադրբեջանի հարստությունների յուրացնելու փորձեր»:

Մինչդեռ միջազգային մամուլը սկսել է ավելի հաճախ անդրադառնալ խնդիր: «Ինչպե՞ս է բռնապետ Ալիևն օգտագործում Ռուսաստանի թուլությունը». ավստրիական Die Presse-ը ԼՂ-ում ստեղծված իրավիճակին անդրադարձել է Ուկրաինայի պատերազմի տեսանկյունից, իսկ  Chicago Tribune-ը գրել է, որ «Արևմուտքը չի կարող աչք փակել, երբ Ադրբեջանը փորձում է հայերին կոտորել»:  

Կարդացեք նաև

Back to top button