ԿարևորՀասարակություն

Առանց օդային միջանցքի ու հումանիտար օգնության․ Արցախն արդեն 13 օր շրջափակման մեջ է

Արցախի  շրջափակման 13-րդ օրը հայտնի դարձավ, որ Կարմիր Խաչն Արցախից Երևան է տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկին։ Վերադարձին կոմիտեի ներկայացուցիներն իրենց հետ դեղորայք կտանեն։ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձանժողովը շարունակում է  լայն սպառման սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մանրածախ գների մոնիթորինգը։

Տվյալները գների փոփոխություն չեն արձանագրում, բայց ֆիքսում են որոշ ապրանքատեսակների իսպառ բացակայությունը։ Ստեղծված իրավիճակի շուրջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրացազրույց է տվել ֆրանսաիական հեղինակավոր պարբերականներից մեկին՝ ընդգծելով, որ  միայն միջազգային ճնշումը կարող է մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին և պարտադրել մարդասիրական օդային միջանցքի կազմակերպում՝ սննդի և դեղորայքի  կարիքները բավարարելու համար։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու 13-րդ օրը  ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ  «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։ Երեխայի վիճակը վատացել էր շաբաթվա սկզբին։ Արցախցի բժիշկները Հայաստանի գործընկերների հետ  օնլայն խորհրդակցելուց հետո սկսել էին փոքրիկի բուժումը։ Այսօր հայտնի դարձավ նաև, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կողմերի համաձայնությամբ որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ:    

Արցախում դեղորայքի պակասին ավելացել է  նաև առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը։  Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձանժողովը շարունակում է լայն սպառման սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մանրածախ գների մոնիթորինգը։   Նախօրեի հրապարակման   համաձայն՝  Ստեփանակերտում գործող 22 խոշոր առևտրային օբյեկտներում իրացվող լայն սպառման 57 ապրանքատեսակների մանրածախ գները չեն փոխվել։ Բայց արձանագգրվել է մի շարք ապրանքների բացակայություն՝  շաքարավազ,   ալյուր, ձու, երշիկ նրբերշիկ , կարտոֆիլ ,սոխ ։ Արցախի հանրապետություն ում նաև  դիզվառելիք  ու բենզին չկա՝ ըստ գների մոնիտորինգի տվյալների։   Սննդամթերքի պակասի մասին նաև արցախցիներն են փաստում

«Շուկան գրեթե դատարկ է, կեսը տանն են։ Երևանից բերվող ապրանք չունենք։ Եթե միջանցքը  չբացեն, ես երևի, օրինակ, երեք-չորս կարտոֆիլ ունենամ։ Ցանկանում եմ կարտոֆիլ գնել, բայց չկա, շուկայում միայն դատարկ  արկղեր են»։

Ստեղծված իրավիճակի շուրջ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը  տեսակապի միջոցով զրուցել է ֆրանսիական Marianne հեղինակավոր պարբերականի հետ։  Պետնախարարի գրասենյակից հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու Արցախի 120 000 հայերի կյանքն իրենց նախնիների հողում։  Պատասխանելով իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակների մասին հարցին՝ Արցախի պետնախարարը նշել է, որ միայն միջազգային ճնշումը կարող է մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին և պարտադրել մարդասիրական օդային միջանցքի կազմակերպում՝ սննդի և դեղորայքի  կարիքները բավարարելու համար։ «Խնդիրն այն է, որ մենք բոլոր կողմերից շրջապատված ենք Ադրբեջանի կողմից, որը միշտ պատրվակ կգտնի՝ արգելափակելու ճանապարհը  և խանգարելու մեզ ապրել: Ստեփանակերտի օդանավակայանը հիմա չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով, բայց ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Եվ մենք հույս ունենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան կկարողանան համաձայնության գալ և ճնշում գործադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի վրա», — ասել է Վարդանյանը:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում փաստում է՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդու իրավունքների խախտում է, մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

«Միջազգային իրավունքի խախտում է, քանի որ այն հստակ ամրագրում է, որ մարդու կենսապահովման պայմանները թեկուզ մեկ վայրկայնով կամ ամենակարճ ժամկետով  չպետք է դադարեն։  Մարդը երբեք չպետք է զրկված լինի հումանիտար հասանելիությունից։ Իսկ սա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, քանի որ Ադրբեջանի այս ակցիան մաս է կազմում մի քաղաքականության, որն իրականացվում է արդեն 2․5 տարի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ՝  նպատակ ունենալով էթնիկ զտման ենթրակել Արցախն  ու այստեղ ապրող ժողովրդին ենթարկել նոր ցեղասպանության»

Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն  ընդգծում է՝ պետք է օդային միջանցք տրամադրել Արցախ սնունդ  հասցնելու համար։

«Օդային միջանցքի կարիք մենք միշտ ունեցել ենք, այժմ այն կյանքի ու մահվան հարց է, պարզապես անհրաժեշտություն »

Չնայած ստեղծված իրավիճակին՝  երեկ երեկոյան Ստեփանակերտում՝ Շահումյանի անվան Օղակաձև պուրակում, վառվել են տոնածառի լույսերը:Արցախը շարունակում է ապրել՝ պայքարելով։

Կարդացեք նաև

Back to top button