
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ հունվարի 10-ին ՝ Միացյալ Նահնագներում մահացած մաեստոյի դին ամփոփովել է Երևանի քաղաքային պանթեոնում։
Արամ Ղարաբեկյանը ծնվել էր 1955 թվականաին՝ Թեհրանում: Ավարտել է Բոստոնի «New England» երաժշտանոցը, երաժշտական կրթությունը շարունակել Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում: Դիրիժորական արվեստի գաղտնիքներն Արամ Ղարաբեկյանը յուրացրել է Իտալիայում, Գերմանիայում և ԱՄՆ- ում՝ ուսանելով երաժշտական լեգենդների մոտ: Արվեստագետի կյանքի 12 տարիները կապված էին հայրենիքի երաժշտական կյանքի հետ։
Արամ Ղարաբեկյանն իր դիրիժորական գործունեությունն սկսեց 1983 թվականին, երբ նախաձեռնեց ու հիմնադրեց Բոստոնի «Սինֆոնովա» կամերային նվագախումբը: Նա ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի թատրոնը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել հանրաճանաչ բազմաթիվ նվագխմբերի հետ: Իր գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների: Նրա կատարումները «Բոստոն գլոբի» կողմից չորս անգամ ճանաչվել են որպես «Տարվա լավագույնը»:
Արվեստագետի կյանքի 12 տարիները կապված էին հայրենիքի երաժշտական կյանքի հետ: Հայաստանի պետական կամերային նվագախմբին ևս բախտ վիճակվեց աշխատել արդեն մեծ վաստակ ունեցող մաեստորյի հետ: 1997-2009 թվականներին Արամ Ղարաբեկյանը նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր: «Լինելով դասական նվագախմբային արվեստի միջազգային չափանիշների ու ճաշակի կրողը՝ Արամ Ղարաբեկյանը կարողացավ դրանք վերարտադրել հայ իրականության մեջ: Նա արմատապես փոխեց հետխորհրդային բազմաթիվ կարծրացած ավանդույթներ նվագխմբի ներքին օրակարգում, աշխատաոճում, անգամ մարդկային փոխհարաբերություններում, հաստատեց կարգուկանոն, ինչը, ցավոք, մեզանում միշտ սվիններով է ընդունվում»,- ասում է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը, ով Արամ Ղարաբեկյանին ճանաչել է Հայաստան գալու առաջին օրերից։
Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակեց իր գործունեությունը Միացյալ Նահանագներում: Իրեն բնորոշ խանդավառությամբ ձեռնամուխ եղավ գեղարվեստական տարբեր նախագծերի իրականացմանը, ղեկավարեց համերգային բազմաթիվ ծրագրեր, հանդես եկավ հյուրախաղերով: Մաեստրոյի նախաձեռնությամբ ստեղծվեց Բաց երաժշտական հասարակության հիմնադրամը, որի նպատակները բազմազան էին ու հեռահար։ Հիմնադրամի շրջանակներում Ղարաբեկյանի գլխավորությամբ կազմակերպվեց 2012-ի սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ամերիկյան «Շաթլ ինդևոր» տիեզերանավի դիմավորման հանդիսավոր արարողության գեղարվեստական մասը:
«Արամը բազմաթիվ ծրագրեր ուներ, նոր մտահաղացումներ, գաղափարներ, որոնք, ավաղ, անավարտ մնացին: Նա անընդհատ նորություն էր փնտրում»,- ասում է մեծանուն արվեստագետ Խաչատուր Ավետիսյանի որդին՝ ամերիկաբնակ կոմպոզիտոր Միքայել Ավետիսյանը։




