Ադրբեջանը շարունակում է շրջփակման մեջ պահել ԱՀ 120 հազար բնակչությանը՝ փակելով Բերձորի միջանցքը՝ Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանն անջատել Հայաստան -Արցախ գազատարը, որը պատերազմից հետո անցնում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքով և այս ամենն իրականացվում է բնապահպանական օրակարգով։ Բնապահպան կոչեցյալները փորձում են ճանապարհ բացել դեպի Կաշեն՝ փորձելով բնապահպանության անվան տակ քաղաքական և տնտեսական խնդիրներ լուծել։
Արցախյան 2-րդ պատերազմում Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք է կիրառել։ Դրա մասին են վկայում մասնագիտական բոլոր հետազոտությունները։ Միայն 2020 թ․ հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը այրվել է 1815 հա անտառ։ Հատկանշական է, որ բնաբահպանականից բացի այդ զինատեսակները նաև մարդկային մեծ վնասներ են պատճառել։ Թվարկելով պատերազմի ժամանակ ադրբեջանցիների հասցրած բնապահպանական վնասները, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» նախագահ Օլեգ Դուլգարյանը շեշտում է այն, որ ոչնչացվել են հիմնականում բնակավայրերին և տարբեր ենթակառուցվածքներին մոտ գտնվող անտառները։
«Ոչ ոք չի հաշվառել, թե որքան կենդանական աշխարհ է այդ ընթացքում վերացել։ Մենք գիտենք, որ Արցախի այդ տարածքները ուրույն տեղ են զբաղեցնում էկոլոգիական աշխարհում իրենց կենդանական բազմազանությամբ։ Ֆոսֆորն ինքը մարդու համար կարող է մահաբեր լինել ըստ որոշ քանակների, ու թե կենդանական աշխարհին ինչ կարգի վնաս է հասցվել, այդ հաշվառումը ոչ ոք չի արել։ Շատ լավ կլիներ, որ նաև այդ ժամանակ գոնե մեկ բնապահպան Ադրբեջանից այդ խնդիրը բարձրաձայներ, որովհետև դա իսկապես տարածաշրջանային աղետի էր բերում»։

Փաստաբան, բնապահպանական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանն ընդգծում է, որ չգիտես ինչու այդ ժամանակ լռող ադրբեջանցի բնապահպանները այսօր հանկարծ ոտքի են կանգնել և կեղծ օրակարգով փորձում են մի նոր աղետ առաջացնել, այս անգամ՝ հումանիտար․
«Փորձում են բնապահպանության քողի տակ ներխուժել այդ տարածքներ կամ շրջափակել, հումանիտար աղետ ստեղծել, որպեսզի մարդիկ լքեն իրենց տարածքը։ Փաստորեն Ստեփանակերը և շրջակա շրջանները, որոնք հայաբնակ են, բոլորը զրկվել են ջրից ու հիմա խնդիր ունեն։ Այսինքն այս ամեն ինչը արվում է, որպեսզի Արցախը հայաթափվի։ Նույնը Սյունիքի մասով։ Այն գյուղերը, որոնք ճանապարհային և կոմունիկացիոն խնդիրներ ունեն Հայաստանի այդ մասի հետ, իրենք ուզում են կտրել և դրանով տիրանալ Սյունիքին»։
Նազելի Վարդանյանն ասում է, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, ևս մեկ անգամ ապացուցում է որ աշխարհում ռեսուրասյին պատերազմներ են սկսվել։ Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականի պատերազմը և 2022 թվականի հարձակումներն ուղղված են բնական պաշարների զավթմանը և դրանով տնտեսական գերակա դիրք զբաղեցնելուն։
«Վերջին երեք տարիներին Ադրբեջանի ռազմական գործողությունները վկայում են այն մասին, որ զավթվել են այն տարածքները, որոնք ջրահավաք ավազաններ են, հանքավայրեր են և անտառներ։ Այդ ամենը եթե չլինի, երկիրը կկորցնի իր կենսունակությունը։ Իսկ միջազգային հանրությունը լռում է»։
Փաստաբանի կարծիքով այն, ինչ այժմ անում է Ադրբեջանը բնապահպանական ակցիայի անվան տակ, ընդամենը նոր տարածքներ զավթելու հերթական խորամանկ քայլն է։ Վարդանյանը հիշեցնում է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Զանգելանի շրջանը դեռ հայկական կողմի վերահսկողության տակ էր, և պարզ չէր, թե ինչով էր ավարտվելու պատերազմը, Ադրբեջանի շրջակա միջավայրի նախարարությունը պայմանագիր էր անգլիոասիական մի կորպորոացիայի հետ և Զանգելանի հանքի կառավարումը տրվել էր այդ ընկերությանը։ Այս տարի նույն կազմակերպության հետ պայմանագիր է կնքվել Արցախի մի քանի հանքերի, այդ թվում նաև խնդրո առարկա Կաշենի հանքի շահագործման վերաբերյալ։ Բնապահպանը նշում է, որ ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների, Ադրբեջանը դրա դիմաց 3 միլիարդ դոլար է ստացել․

«Այս «բնապհպանները», որոնք փորձում են ճանապարհ բացել դեպի Կաշեն, առանց պատերազմի այդ տարածքների զավթումն է։ Բանապապանության անվան տակ քաղաքական և տնտեսական խնդիրներ են լուծում»։
Հայաստանն էլ ջրային ռեսուրսների մեծ պաշար ունի, բայց երբեք այդ ռեսուրսը չի օգտագործել իր հարևանների դեմ, չի սպառնացել զրկել դրանից, ինչը չի կարելի ասել ադրբեջանցիների մասին, նկատում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը։
«Մեր հարևանները փաստորեն օգտագործում են այդ ռեսուրսները ճնշելու և սպառնալու նպատակով։ Եվ դա արդեն իսկ խոսում է, որ դա բնապահպանական պայքար չէ, որովհետև ոչ մի բնապահպանական ակտիվիստ հումանիտար աղետի չի սատարի»։
Հումանիտար աղետին, որը ստեղծել են ադրբեջանցիները, ՄԱԿ-ը պարտավոր է անդրադառնալ, բայց նախևառաջ այդ խնդրով պետք է դիմեն թե Արցախի, թե Հայաստանի իշխանությունները, շեշտում է Նազելի Վարդանյանը՝ ընդգծելով, որ հապաղելը կարող է ճակատագրական դառնալ։




